Մատչելի հղումներ

 
Անանուն հաղորդագրություն եմ ստացել, որ ամուսինս բանտում մահացել է. Տիխանովսկայա

Անանուն հաղորդագրություն եմ ստացել, որ ամուսինս բանտում մահացել է. Տիխանովսկայա


Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, թե անանուն հաղորդագրություն է ստացել, ըստ որի բանտում գտնվող իր ամուսինը, ով նույնպես ընդդիմադիր գործիչ է, մահացել է ճաղերի հետևում:

Սերգեյ Տիխանովսկին ձերբակալվել էր 2020 թվականին, երբ հայտարարեց, թե մտադիր է առաջադրել իր թեկնածությունն այդ տարի կայանալիք Բելառուսի նախագահական ընտրություններին` փաստորեն, մրցելու բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Ամուսնու ձերբակալությունից հետո, առաջադրվեց կինը։ Ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, Լուկաշենկոն վեցերորդ անգամ ստանձնեց նախագահի լիազորությունները։ Ընդդիմության համոզմամբ, ընտրությունները կեղծվել են:

Անանուն հաղորդագրություն եմ ստացել, որ ամուսինս բանտում մահացել է. Տիխանովսկայա
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Հաջորդած աննախադեպ բողոքի ցույցերի ֆոնին` Տիխանովսկայան լքեց երկիրը։ Նրա ամուսինը հետագայում դատապարտվեց տասնիննուկես տարվա ազատազրկման։ Ըստ Տիխանովսկայայի, մարտի սկզբից որևէ լուր չունի ամուսնուց։

«Նրա մասին ոչինչ չգիտեմ: Ոչ մի նամակ չեմ ստացել, և նրա փաստաբանի միջոցով որևէ շփում չի եղել»,- «Associated Press»-ին ասել է Տիխանովսկայան` հավելելով, որ անանուն աղբյուրից ստացած տեղեկության հետ կապված որևէ ապացույց չունի:

Բելառուսի իշխանությունները չեն մեկնաբանել իրավիճակը։

Տիխանովսկին Բելառուսում միակ բանտարկված ընդդիմադիր գործիչը չէ, որի ճակատագիրն անհայտ է:

Արդեն 67 օր է, ինչ որևէ լուր չկա նախկին բանկիր Վիկտոր Բաբարիկայից, ով նույնպես մտադիր էր առաջադրվել 2020 թվականի նախագահական ընտրություններին: Նրա կողմնակիցների համաձայն, Բաբարիկային ծեծել են և տեղափոխել բանտային հիվանդանոց: Ընդդիմադիր գործիչը պետք է մայիսի 22-ին ներկայանար դատարան և ցուցմունք տար իր որդու գործով, սակայն բաց է թողել նիստը:

Ավելի քան հինգ ամիս է, ինչ որևէ լուր չկա Բաբարիկայի նախընտրական շտաբի ղեկավար Մարիա Կոլեսնիկովայի մասին, ով նույնպես ձերբակալվել է 2020 թվականին և դատապարտվել 11 տարվա ազատազրկման։ Ըստ «Amnesty International»-ի, փետրվարի կեսերից Կոլեսնիկովային թույլ չեն տալիս հեռախոսազանգեր կատարել, նամակներ գրել կամ տեսակցել իր ընտանիքին կամ փաստաբաններին։

Մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Նիկոլայ Ստատկևիչը, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, և 145 օր է, ինչ նրանից լուր չկա։

XS
SM
MD
LG