Ռուսական բանակը կորցրել է Ուկրաինայում իր մարտական ներուժի կեսը, ներառյալ՝ 2 500 տանկ, իսկ ուկրաինական հակահարձակման գլխավոր հարվածը դեռ առջևում է` «Financial Times»-ը հուլիսի 4-ին մեջբերում է Միացյալ Թագավորության զինված ուժերի ռազմական ղեկավար (Chief of the Defence Staff), ծովակալ Թոնի Ռադակինին։
Պարբերականի փոխանցմամբ, ծովակալ Ռադակինն իր անհամաձայնությունն է հայտնել այն պնդման հետ, թե ուկրաինական հակահարձակումը դանդաղ է ընթանում` նշելով, որ Մոսկվայի ագրեսիան հետ մղելը «երբեք մեկանգամյա գործողություն չի եղել», և որ Կիևի ռազմավարությունն է՝ «թուլացնել, պաշտպանվել և հարվածել», աստիճանաբար ոչնչացնել ռուսական պաշտպանական գծերը։
Թոնի Ռադակինը խոստովանել է, որ ռուսական ականապատ դաշտերի «սպասվածից ավելի» խտությունը, օդային աջակցության բացակայությունը ուկրաինական առաջ շարժվող ստորաբաժանումներին և Կիևի պահանջած ռազմական տեխնիկայի մատակարարման դանդաղ ընթացքը բարդացնում են հակահարձակումը։
Միևնույն ժամանակ, նշել է` ճիշտ չէ ժամկետներ սահմանել ուկրաինական հակահարձակման համար, և «այժմ Ռուսաստանն այնքան թույլ է, որ ուժ չունի հակահարձակման անցնել»:
«Ռուսաստանը կորցրել է իր մարտական հնարավորությունների գրեթե կեսը»,- բրիտանացի ծովակալին մեջբերում է «Financial Times»-ը: «Անցած տարի արձակել է 10 միլիոն արկ, այսօր, լավագույն դեպքում, կարող է տարեկան արտադրել 1 միլիոն արկ։ [Ռուսաստանը] կորցրել է 2 500 տանկ և լավագույն դեպքում կարող է տարեկան արտադրել 200 [նոր] տանկ»:
ԱՄՆ-ից հետո Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրորդ երկիրն է։ Լոնդոնը Կիևին հատկացնում է գերժամանակակից ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Challenger» տանկեր և «Storm Shadow» հեռահար թևավոր հրթիռներ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում լսումների ժամանակ ծովակալ Թոնի Ռադակինն ընդգծել է երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացման և զենքի ու զինամթերքի տեղական արտադրությունը ընդլայնելու անհրաժեշտությունը։ Ներկայում, Մեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեն շուրջ 50 միլիարդ ֆունտ ստեռլինգ է կամ 63,5 միլիարդ դոլար: