Մատչելի հղումներ

 
Պուտինի դատը.  Հաագայում քննելու են Ուկրաինայում պատերազմ սկսելու Ռուսաստանի ղեկավարության որոշումը

Պուտինի դատը.  Հաագայում քննելու են Ուկրաինայում պատերազմ սկսելու Ռուսաստանի ղեկավարության որոշումը


Կիևն ու արևմտյան դաշնակիցները Հաագայում նոր կենտրոն են հիմնադրել, որը քննության է առնելու Ռուսաստանի ղեկավարներին, թե արդյոք նրանց գործողություններում առկա են ագրեսիայի հանցագործության հատկանիշներ` 2022 թվականին ռուսական զինուժի Ուկրաինա ներխուժելուց հետո։ 

Հաագայում գործող նոր կառույցը, որը հայտնի է որպես «Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի հանցագործության հետաքննության կենտրոն» անվամբ, ապացույցներ է հավաքելու Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի ղեկավարության որոշման վերաբերյալ:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինն ասել է, որ կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է արդարադատության հաստատման ճանապարհին։

«Այսօր հավաքվել ենք այստեղ, իրոք, պատմական առիթով, երբ քաղաքակիրթ աշխարհը ոչ միայն բարձրաձայնում է, այլև կոնկրետ գործողություններով ցույց է տալիս, որ ամենակարևորը պատասխանատվությունն է»,- հայտարարել է նա։

Ռուսաստանի դեմ քրեական գործերը կհեղինակեն Ուկրաինայի, Եվրամիության և ԱՄՆ դատախազները։

Կենտրոնը կաշխատի Միջազգային քրեական դատարանի հետ միասին, որն արդեն իսկ քննում է ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները, բայց ոչ ագրեսիայի հանցագործությունը:

Արդարադատության միջազգային փորձագետ Ֆիլիպ Սանդսն ասում է. «Ագրեսիան՝ անօրինական պատերազմ վարելու որոշումը, դուրս է Միջազգային քրեական դատարանի իրավասությունից»:

Ագրեսիայի հանցագործության պատմությունը սկիզբ է առնում Երկրորդ աշխարհամարտից հետո տեղի ունեցած Նյուրնբերգյան դատավարությունից և նացիստական առաջնորդների նկատմամբ իրականացված հետապնդումից: Այնուհետև այն կոչվեց «հանցագործություն խաղաղության դեմ»։

Ներկայում, նման գործ քննելու իրավասություն ունեցող դատարան գոյություն չունի: Բայց անչափ կարևոր է` ովքեր սկսել են ներխուժումը Ուկրաինա, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, քրեական պատասխանատվության կենթարկվեն ագրեսիայի հանցագործության համար` ասում է Սանդսը:

«Ինչո՞ւ, քանզի այն միակ հանցագործությունն է, որն անմիջապես կապ ունի իշխանությունների հետ: Եվ դա այն հանցագործությունն է, որը ծնում է բոլոր մյուսները. եթե պատերազմ չլիներ, չէինք խոսի ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին»,- շարունակում է նա։

Արդարադատության միջազգային փորձագետի կարծիքով, Ռուսաստանի դաշնակիցները, հավանաբար, դեմ կլինեն միջազգային տրիբունալի ստեղծմանը, մինչդեռ այն կարող է ներկա քաղաքական ճգնաժամից դուրս գալու ճանապարհ լինել։

Կիևի ներկայացմամբ, փաստագրված է ավելի քան 400 հազար հանցագործություն՝ կապված Ռուսաստանի ներխուժման հետ, ներառյալ` սեռական բռնության խոշտանգման, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների բռնի տեղահանման հատկանիշներով։

Ուկրաինան հույս ունի պատերազմ սկսելու մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի ղեկավարներին։ Մոսկվան հերքում է իրեն վերագրվող հանցագործությունները։

XS
SM
MD
LG