Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում նշում են Անկախության օրը՝ ամերիկյան ամենահայտնի տոներից մեկը: Տոնի ժամանակ կազմակերպվում են տարբեր հավաքույթներ և շքերթներ: Սեղանները լի են սառը գարեջրով և իհարկե ամենուրեք հրավառություններ են:
Անկախության օրվա ծագումը
Տոնը նշում է Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի կողմից 1776 թվականի հուլիսի 4-ին Անկախության հռչակագրի միաձայն ընդունումը, փաստաթուղթ, որն ազդարարեց գաղութների անջատումը Մեծ Բրիտանիայից։
Ըստ Կոնգրեսի գրադարանի, հռչակագրի ընդունումից մեկ տարի անց Ֆիլադելֆիայում ինքնաբուխ տոնակատարությամբ նշվեց Ամերիկայի անկախության առաջին տարեդարձը: Սակայն երկրում նմանատիպ միջոցառումները սովորական դարձան միայն 1812 թվականի պատերազմից հետո և արագորեն տարածվեցին:
Ինչպե՞ս հրավառությունները դարձան հուլիսի 4-ի ավանդույթ
Պիրոտեխնիկայի ցուցադրումն ի սկզբանե եղել է Անկախության օրվա կարևոր մասը: Հիմնադիր Հայր Ջոն Ադամսը արդեն կանխատեսել էր դրա ավելի լայնորեն տարածումը:
Ամերիկայի անկախության տոնակատարությունը «պետք է հանդիսավոր կերպով նշվի շքեղությամբ և շքերթներով, շոուներով, խաղերով, սպորտով, զենքերով, զանգերով, խարույկներով և մայրցամաքի մի ծայրից մյուսը տարածվող լուսավորություններով, այս անգամ և ընդմիշտ», - գրել է Ադամսը 1776 թվականի հուլիսի 3-ին իր կնոջը՝ Աբիգեյլին ուղղված նամակում:
Հրավառությունները գոյություն ունեին Ամերիկայի ազգ դառնալուց դարեր առաջ: Ըստ Ամերիկյան պիրոտեխնիկական ասոցիացիայի, շատ պատմաբաններ կարծում են, որ հրավառությունները ստեղծվել են Հին Չինաստանում՝ մ.թ.ա. երկրորդ դարում՝ բամբուկի ցողունները կրակի մեջ նետելով և պայթյուններ առաջացնելով:
15-րդ դարում հրավառություններն արդեն լայնորեն տարածում էին գտել Եվրոպայում կրոնական փառատոների և հանրային զվարճանքի արարողությունների ժամանակ: Ամերիկացի վերաբնակիչները նունյպես պահպանում էին այդ ավանդույթները, նշվում է ասոցիացիայի կողմից:
Նախագահը, որը հրաժարվել է տոնել Անկախության օրը
ԱՄՆ բոլոր նախագահները՝ բացառությամբ Ադամսի, Ջորջ Վաշինգտոնից մինչև Ջո Բայդենը նշել են երկրի Անկախության օրը հուլիսի 4-ին:
Ադամսը հրաժարվում էր նշել տոնը հուլիսի 4-ին, քանի որ կարծում էր, որ իրական Անկախության օրը հուլիսի 2-ին է: Նա այդ հարցում վստահ էր քանի որ մայրցամաքային կոնգրեսը քվեարկել էր անկախության բանաձևի օգտին 1776 թվականի հուլիսի 2-ին: Սակայն Անկախության հռչակագիրը պաշտոնապես ընդունվել է քվեարկությունից երկու օր անց՝ հուլիսի 4-ին:
Ադամսն այնքան հաստատակամ էր, որ մերժում էր փառատոների և այլ միջոցառումների հրավերները, նույնիսկ որպես երկրի երկրորդ նախագահ տարիներին։ Ճակատագրի հեգնանքով, Ադամսը և Անկախության հռչակագրի հիմնական հեղինակ Թոմաս Ջեֆերսոնը, երկուսն էլ մահացան 1826 թվականի հուլիսի 4-ին՝ փաստաթղթի պաշտոնական ընդունման 50-ամյակին:
Որքանո՞վ են երկրում տարածված հրավառությունները
Վերջին երկու տասնամյակների ընթացքում հրավառությունների սպառողական վաճառքն արագորեն աճել է:
Ըստ Ամերիկյան պիրոտեխնիկների ասոցիացիայի վիճակագրության, 2000 թվականին ամերիկացի սպառողները 407 միլիոն դոլար են ծախսել հրավառությունների վրա: 2022 թվականին այդ ցուցանիշը հասել է 2,3 միլիարդ դոլարի։ Ամենամեծ աճը տեղի ունեցավ ՔՈՎԻԴ-19 համաճարակի ժամանակ, երբ հանրային հրավառությունների ցուցադրությունները փակ էին: Հրավառությունների վաճառքը 2019 թվականի 1 միլիարդ դոլարից 2020 թվականին հասել էր 1,9 միլիարդ դոլարի:
Պիրոտեխնիկների ասոցիացիան ակնկալում է, որ այս տարի Հրավառությունների վաճառքը կավելանա ևս 100 միլիոն դոլարով: Դրան նաև կնպաստի այն փաստը, որ հուլիսի 4-ը երեքշաբթի է և շատերին սպասվում է չորսօրյա հանգիստ:
Արդյո՞ք հրավառությունները վտանգավոր են
Չնայած կրթական լայնածավալ ջանքերին, ամեն տարի հազարավոր ամերիկացիներ հրավառությունների հետևանքով ծանր վնասվածքներ են ստանում: ԱՄՆ-ի սպառողական արտադրանքի անվտանգության հանձնաժողովը հայտնում է, որ 2022 թվականին հրավառությունների հետևանքոով 10200 մարդ տեղափոխվել է շտապօգնության սենյակներ: Հայտնի է նաև 11 մահվան դեպքերի մասին:
Սենթ Լուիսի Բարնս-Հրեական հիվանդանոցի շտապ օգնության բժիշկ Թիֆանի Օսբորնը հորդորում է հրավառություններ սկսելու համար ընտրել հարթ, կոշտ մակերես՝ հեռու կառույցներից և այլ իրերից, որոնք կարող են հրդեհվել: Ըստ նրա, Հրավառության համար պատասխանատու անձը պետք է խուսափի ալկոհոլ օգտագործելուց: Երեխաներին նույնպես խորդհուրդ է տրվում հեռու պահել հրավառությունների կազմակերպման աշխատանքներից: