Լրատվամիջոցների տրամադրության ներքո հայտնված աուդիո ձայնագրության համաձայն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ 2021 թվականին պաշտոնը թողնելուց հետո, քննարկել է խիստ գաղտնի փաստաթղթեր, ուր արտացոլված են եղել Իրանի վրա հարձակվելու ծրագրեր:
Դաշնային դատախազների՝ անցած ամիս հրապարակած մեղադրական եզրակացության մեջ հատվածներ են այդ զրույցից։ Ըստ իրավապահների, Թրամփն ապօրինի կերպով է իր մոտ պահել պետական գաղտնի փաստաթղթերը, այնուհետև՝ փորձել է խոչընդոտել հետաքննությանը:
«CNN»-ը, «The Washington Post-ն ու «The New York Times»-ը երկուշաբթի հրապարակել են աուդիոձայնագրություն, ուր Թրամփը հղում է կատարում զեկույցներին, թե ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին իր մտահոգությունն է հայտնել, որ պարտվելով 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ Թրամփը բախում կհրահրի Իրանի հետ:
«Միլլիի հետ կապված, թույլ տվեք ձեզ մի օրինակ ցույց տալ», - ձայնագրության մեջ ասում է Թրամփը․ լսելի է թղթերի ձայնը: «Նա ասում է, թե ես ուզում եմ հարձակվել Իրանի վրա: Զարմանալի է չէ՞։ Ես ունեմ թղթերի մի մեծ կույտ․ սրանք նոր եկան: Տեսե՛ք, սա ինձ ներկայացրեցին։ Սա ձայնագրությունից դուրս է, բայց նրանք ինձ ներկայացրեցին: Նա էր: Պաշտպանության նախարարությունն էր և նա»:
«Սա օգնում է լիովին հաղթել իմ գործը, գիտե՞ք»,- հավելել է Թրամփը: «Բացի այն, որ սա խիստ գաղտնի տեղեկատվություն է»:
Ավելի ուշ Թրամփը հավելում է. «Որպես նախագահ ես կարող էի գաղտնազերծել այն, սակայն այլևս չեմ կարող»:
Նախկին նախագահը նշել է, որ «մշտական հրահանգ» էր արձակել՝ գաղտնազերծել բոլոր փաստաթղթերը, որոնք Օվալաձև սրահից տարվել են Սպիտակ տան նստավայր:
Հունիսին կայացած դատական նիստում Դոնալդ Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել: