Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մեկ տարի անց ոմանք դեռ խոսում են Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության աջակցության մասին՝ համարելով, որ այս պատերազմը ողջ ազատ աշխարհի պայքարն է անկախ պետության տարածք անօրինական ներխուժման դեմ, մյուսներն էլ դա անվանում են պատերազմ՝ «տարածքային վեճ»։
Դոնալդ Թրամփ
Թրամփը 2023 թվականին հրապարակային ելույթների ժամանակ բազմիցս հայտարարել է, որ եթե ինքը մնար իշխանության ղեկին, «Ռուսաստանն, իհարկե, չէր հարձակվի Ուկրաինայի վրա»։ Թրամփը համոզված է, որ պատերազմը սկսվել է «ԱՄՆ-ի նկատմամբ հարգանքի բացակայության պատճառով» և գործող նախագահ Ջո Բայդենի սխալի պատճառով։
Թրամփը կարծում է, որ այս պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի։ Ըստ նրա՝ «Միացյալ Նահանգների նախագահը պետք է հանդիպի կողմերից յուրաքանչյուրի, իսկ հետո երկու կողմերի հետ միասին, արագ պատրաստի զինադադարի պայմանները։ Դրան կարելի է հեշտությամբ հասնել, եթե ճիշտ նախագահ բանակցի: Երկու կողմերն էլ հոգնած են և պատրաստ են գործարքի գնալ»։
Թրամփի խոսքով՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի նպատակն է «օգնել Եվրոպային և ապահովել Եվրոպան, բայց Եվրոպան իրեն չի օգնում։ Նրանք հույսը դնում են Միացյալ Նահանգների վրա, որը դա կանի իրենց փոխարեն: Սա շատ անարդար է մեր հանդեպ։ Առավել եւս, որ Եվրոպան մեզ օգտագործում է առեւտրի եւ այլ բաների մեջ»։
Թրամփը նաև կարծում է, որ եվրոպացիները պետք է ծախսեն «առնվազն այնքան, որքան վճարում է ԱՄՆ-ն» Ուկրաինային օգնելու համար, ինչը, նրա կարծիքով, 4-5 անգամ ավելի է։ Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, եվրոպացիների համար այս պատերազմն ավելի կարևոր է, քանի որ այն տեղի է ունենում իրենց մայրցամաքում։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը չպետք է փորձի փոխել ռեժիմը Ռուսաստանում։ Նա Fox News-ի ասել է, որ «մենք պետք է աջակցենք ռեժիմի փոփոխությանը ԱՄՆ-ում, սա շատ ավելի կարևոր է։ Բայդենի վարչակազմն է մեզ այս խառնաշփոթի մեջ գցել»:
Ռոն Դեսանտիս
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը դեռ պետք է հայտարարի նախագահական պայքարում իր մասնակցության մասին, սակայն ակնկալվում է, որ դա կանի շուտով և կլինի Թրամփի հավանական մրցակիցը հանրապետականների շրջանում:
Դեսանտիսն Ուկրաինայի մասին մի շարք հայտարարություններ է արել, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել։
Նա Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է «տարածքային վեճ» և կարծում է, որ Ուկրաինայի պաշտպանությունը «ԱՄՆ-ի կենսական շահերից չէ», քանի որ Ուկրաինան հեռու է Ամերիկայից:
«Բայդենի վարչակազմի կողմից այս հակամարտությունը ֆինանսավորելն առանց որոշակի նպատակի կամ պատասխանատվության, ուշադրությունը շեղում է մեր երկրի ամենահրատապ մարտահրավերներից», - գրել է Դեսանտիսը։
Վերջինիս խոսքով՝ «մեր քաղաքացիները նաև իրավունք ունեն իմանալու, թե ինչպես են օգտագործվում միլիարդավոր հարկային դոլարներն Ուկրաինայում»։
Ֆլորիդայի նահանգապետը կարծում է, որ Ուկրաինայում Միացյալ Նահանգների նպատակը «անկասկած պետք է լինի խաղաղությունը», և հետևաբար «ԱՄՆ-ը չպետք է օգնություն ցուցաբերի, որը կարող է պահանջել ամերիկյան զորքերի տեղակայում կամ թույլ տալ Ուկրաինային մասնակցել հարձակողական գործողություններին իր սահմաններից դուրս»: Նա բացառում է Ուկրաինային F-16 ինքնաթիռներ և ավելի մեծ հեռահարության հրթիռներ տրամադրելու հնարավորությունը։ Դա, նրա կարծիքով, կկանխի Ռուսաստանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավման վտանգը՝ հղի «աշխարհի երկու խոշորագույն միջուկային պետությունների միջեւ թեժ պատերազմով»։
Դեսանտիսը Ռուսաստանում ռեժիմի փոփոխության կողմնակից չէ։ Այդ մասին նա գրել է, որ դա «կմեծացնի հակամարտության խաղադրույքները՝ ավելի հավանական դարձնելով միջուկային զենքի օգտագործումը։ Նման քաղաքականությունը չի կանգնեցնի այս պատերազմը»: Ըստ Դեսանտիսի՝ «պատմությունը ցույց է տալիս, որ այս հիպոթետիկ իրավիճակում Պուտինի իրավահաջորդը, ամենայն հավանականությամբ, ավելի անողոք կլինի։ Նման կասկածելի արդյունքի հասնելու արժեքը կարող է աստղաբաշխական լինել»։
Դեսանտիսը կարծում է, որ Վաշինգտոնն այժմ վարում է «ՌԴ-ում վարչակարգի փոփոխության քաղաքականություն», բայց դա չի հանգեցնի Մոսկվայի քաղաքականության փոփոխության։ Եվ բացի այդ, Ֆլորիդայի նահանգապետի խոսքով, պատերազմից հաղթում է Չինաստանը՝ ստանալով էժան ռուսական հումք։
Դեսանտիսը նաև կարծում է, որ «նավթի ռազմավարական պաշարների սպառմամբ Բայդենը ամերիկացիների հաշվին էլ ավելի ամրապնդեց ռուսական տնտեսությունը, որտեղ գերակշռում են էներգետիկ եկամուտները»։ Դեսանտիսի խոսքով՝ Բայդենի վարչակազմի քաղաքականությունը «Ռուսաստանին մղել է Չինաստանի հետ դե ֆակտո դաշինքի»։
Մայք Փենս
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը համարվում է 2024 թվականի հանրապետականների առաջադրման հավանական թեկնածուներից մեկը։
Մայք Փենսը պաշտպանում է պաշտոնական կուսակցական գիծը, որին սատարում են Կոնգրեսի հանրապետականները՝ օգնելու Ուկրաինային միչև չհաղթի այս պատերազմում:
Փենսը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «բացահայտեց իր իսկական էությունը, որպես բռնապետ, որը ձգտում է նվաճել» և պատրաստ է հարյուր հազարավոր կյանքեր տալ «հանուն ռուսական մեծ կայսրությունը վերականգնելու ցանկության»։
Փենսի խոսքով՝ «երբ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային Պուտինի դեմ պայքարում, նշանակում է՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է Ռեյգանի դոկտրինին և աջակցում է նրանց, ովքեր պայքարում են մեր թշնամիների դեմ իրենց տարածքում, որպեսզի մենք ստիպված չլինենք կռվել նրանց դեմ»:
Փենսն ասել է, որ « Սա ամերիկյան պատերազմ չէ, բայց եթե Պուտինին չկանգնեցնեն, և Ուկրաինայի ինքնիշխան սահմանները արագ չվերականգնվեն, ապա Պուտինը կշարունակի շարժվել դեպի ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողմը, և այդ ժամանակ Ամերիկան ստիպված կլինի այնտեղ զորքեր ուղարկել»:
Փենսի խոսքով՝ «ով կարծում է, որ Պուտինը կանգ կառնի Ուկրաինայի սահմանին, չի հասկանում, թե ով է Պուտինը»։ Փենսը նաև կարծում է, որ օգնելով Ուկրաինային՝ ԱՄՆ-ն ազդանշան է ուղարկում Չինաստանին՝ Թայվան ներխուժելու իր հնարավոր մտադրությունների մասին։
Փենսը կարծում է, որ Ուկրաինայի հաղթանակը կլինի «իր ինքնիշխանության շուտափույթ վերականգնումը» և խաղաղության հաստատումը։
Ինչպես շատ այլ հանրապետականներ, Փենսը քննադատում է Ջո Բայդենի ներկայիս վարչակազմին Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Փենսը կարծում է, որ ամեն ինչ դանդաղ է արվում՝ «սկսած Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն տրամադրելուց, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, վերջացրած Ուկրաինային ռազմական տեխնիկայի ու կործանիչների տրամադրմամբ»։
Փենսը կողմ է վերահսկելուն, թե ինչպես է ծախսվում ԱՄՆ ֆինանսական օգնությունը, սակայն ասում է, որ «աջակցության դադարեցումը կամ կրճատումը կունենա հետևանքներ. եթե Պուտինը հիմա չկանգնեցվի և տեղափոխվի ՆԱՏՕ-ի կողմից վերահսկվող տարածք, արժեքը շատ ավելի բարձր կլինի»: Փենսը նաև կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են ավելի կոշտ լինել. «Ռուսաստանին ներկայումս աջակցում է Չինաստանը, և եթե Չինաստանը դադարեցնի իր աջակցությունը, Պուտինը կարող է սպառվել մինչև 2024 թվականը»:
Նիկի Հեյլի
Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ և Թրամփի վարչակազմում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին փետրվարի 15-ին պաշտոնապես հայտարարեց 2024 թվականի նախագահական մրցավազքում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Ուկրաինային օգնության հարցում Նիկի Հեյլիի դիրքորոշումը տարբերվում է նրա հիմնական մրցակիցների դիրքորոշումից։ Հեյլին կարծում է, որ Ուկրաինային օգնելը կենսական նշանակություն ունի ԱՄՆ շահերի համար։
Նա գրել է, որ «Ռուսաստանի կառավարությունը ներկայացնում է հզոր բռնապետություն, որը չի թաքցնում իր ատելությունը Ամերիկայի նկատմամբ: Ի տարբերություն այլ հակաամերիկյան վարչակարգերի, այն կոպտորեն և ուժով փորձում է տիրանալ հարևան ամերիկամետ երկրին: Նա նաև պարբերաբար սպառնում է ամերիկյան այլ դաշնակիցներին»:
Հեյլին կարծում է, որ «Ամերիկան շատ ավելին կշահի Ուկրաինայի հաղթանակով, քան Ռուսաստանի»: Ըստ Հեյլիի՝ «եթե Ռուսաստանը հաղթի, հիմքեր չկան ենթադրելու, որ նա կանգ կառնի Ուկրաինայում։ Իսկ նրա ամենամոտ դաշնակիցները՝ Չինաստանն ու Իրանը, ավելի ագրեսիվ կդառնան»։
Չնայած Ուկրաինային իր աջակցությանը, Հեյլին կողմ է Ուկրաինային ֆինանսական օգնության վերահսկմանը: Հեյլին նաև հանդես է եկել Ուկրաինային «սովորական սպառազինություն» տրամադրելու օգտին, որը թույլ կտա Ուկրաինային արդյունավետորեն դադարեցնել ռուսական ներխուժումն ու օկուպացիան իր տարածքի վրա: