Մատչելի հղումներ

Քրեական գործերն ու ամերիկյան քաղաքականությունը. Թրամփին ու Բայդեն-կրտսերին առնչվող գործերը ցնցում են ԱՄՆ քաղաքական դաշտը


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

Քրեական նոր մեղադրանքներ են առաջ քաշվել Թրամփի նկատմամբ: Վերջինս հերքում է իր առնչությունը նաև դրանց հետ: Մյուս կողմից, Սպիտակ տան ներկայիս ղեկավար Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, նույնպես իրավապահների ուշադրության կենտրոնում է, և քրեական այս պատմությունը նախագահին դարձրել է հանրապետականների թիրախ:

2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների հիմնական թեկնածուներից` նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ելույթ ունենալով շաբաթ օրը Փենսիլվանիայում հրավիրված նախընտրական հանրահավաքին` վերստին հերքեց իր առնչությունն իր դեմ առաջ քաշված մեղադրանքներին` հայտարարելով. «Դրանք ծիծաղելի են։ Ցանկանում են վնասել առաջատար թեկնածուին»:

Նախորդ հինգշաբթի դաշնային դատախազները երեք նոր քրեական մեղադրանք առաջ քաշեցին, որոնք վերաբերում են Դոնալդ Թրամփի կողմից պետական գաղտնի փաստաթղթերի ենթադրյալ սխալ օգտագործման հետ կապված հետաքննությանը խոչընդոտելուն:

Նյու Ջերսիի նախկին նահանգապետ և ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Քրիս Քրիստին «CNN»-ի եթերում անդրադարձել է ի հայտ եկած նոր հանգամանքներին, ըստ որոնց Թրամփն, ենթադրաբար, իր աշխատակիցներից ոմանց հրահանգել է վերացնել իր մեղքը ապացուցող տեսանյութերը. «Սա` կառավարությունից գաղտնի տեղեկատվության թաքցնելու փորձ էր: Այն բանից հետո, երբ 18 ամիս Դոնալդ Թրամփին խնդրում էին կամավոր վերադարձնել դրանք` [փաստաթղթերը], նա ոչ միայն չվերադարձրեց, այլև ստեց դրանց կապակցությամբ»:

Թրամփին ու Բայդեն-կրտսերին առնչվող գործերը՝ ամերիկյան քաղաքական դաշտի կենտրոնում
please wait

No media source currently available

0:00 0:02:25 0:00

Այնինչ նախագահի հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին ընթացող դատական գործընթացն անվանել է «քաղաքական հետապնդում» և ընդգծել` եթե հաղթի 2024 թվականի նախագահական պայքարում, ապա Թրամփին ներում կշնորհի. «Կարծում եմ, հանուն պետության պետք է մի կողմ դնել անցյալի բոլոր դժգոհությունները»:

Մամուլն ակտիվորեն անդրադառնում է նաև մեկ այլ իրավական գործի` Հանթեր Բայդենին վերաբերող։

Անցած հինգշաբթի նախագահ Ջո Բայդենի որդին պետք է իրեն մեղավոր ճանաչեր հարկերը չվճարելու համար՝ համաձայն դատախազության հետ պայմանավորվածության, սակայն գործարքը չկայացավ: Գործը քննող դատավորի պահանջով դատախազության հետ գործարքը վերաձևակերպվում է:

ԱՄՆ նախկին դատախազ Չակ Ռոզենբերգը անդրադարձել է հարցին «NBC»-ի հետ զրույցում. «Համեմատաբար հեշտ է գալ համաձայնության, եթե պարոն Բայդենը դեռ ցանկանում է իրեն մեղավոր ճանաչել: Եվ, ի դեպ, [հաղորդավար] Չակ [Թոդ], կարծում եմ, որ դա իրեն ձեռնտու է»:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Քևին ՄըքՔարթին վերջերս հանդես եկավ նախագահ Բայդենին պաշտոնազրկելու` իմփիչմենթի ենթարկելու առաջարկով՝ ենթադրյալ ֆինանսական ապօրինությունների պատճառով:

Նյու Հեմփշիրի նահանգապետ Քրիս Սունունուն, որը նույնպես հանրապետական է, «ABC»-ին փոխանցել է. «Ամերիկան լուրջ խնդիրներ ունի` կապվապ մարդկանց հոգեկան առողջության, թմրանյութերի ճգնաժամի, սահմանի ապահովության հետ: Գերադասում եմ կենտրոնանալ այս հարցերի ուղղությամբ»:

Մեն նահանգում խոսելիս տնտեսական ձեռքբերումների մասին` նախագահ Բայդենը ուրբաթ հումորով է արձագանքել իմփիչմենթի գաղափարին: Սպիտակ տան ղեկավարը բազմիցս հերքել է, թե իր որդու հետ քննարկել է նրա արտասահմանյան գործարքները։

XS
SM
MD
LG