ԱՄՆ պետքարտուղարությունը տըարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերաբերյալ, ուր պետքարտուղարը կոչ է անում Ադրբեջանին «անհապաղ դադարեցնել այդ գործողությունները»:
Հայտարարության մեջ ասված է.
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել այդ գործողությունները անհապաղ։ Այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։ Ինչպես մենք նախկինում հստակեցրել ենք Ադրբեջանին, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,- ասված է հայտարարության մեջ: