Մատչելի հղումներ

Եվրախորհրդարան Պատվիրակությունները Համատեղ հայտարարություն են արել ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ


Լեռնային Ղարաբաղ
Լեռնային Ղարաբաղ

ԵԽ պատգամավորները կոչ են  անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Դեյվիդ Մաքալիսթերը, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալջուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևը և
Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման վերաբերյալ:
«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր Ադրբեջանի նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ: Մենք ցավում ենք օրվա սկզբում ականների պայթյունների հետևանքով զոհերի համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Սակայն դա ոչ մի դեպքում չի արդարացնում Ադրբեջանի լայնածավալ ռազմական էսկալացիան: Հստակ, նախապես ծրագրված հարձակումը շփման գծի ողջ երկայնքով, որը տեղի է ունեցել պայթյուններից ընդամենը մի քանի ժամ անց և վերջին շաբաթների ընթացքում նկատվող ադրբեջանական զինուժի կուտակումն ու ագրեսիվ հռետորաբանությունը բացարձակապես անընդունելի են»,-ասված է հայտարարության մեջ։
ԵԽ պատգամավորները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ հայտարարելով. «Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ միջոցն են, և ԵՄ-ն միշտ պատրաստ է եղել աջակցել այդ գործընթացին։
Մենք ափսոսում ենք այն փաստի առթիվ, որ Բաքվի հարձակումը լրջորեն խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները և կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ընդունել Հայաստանի վարչապետի վերջին կոչերը՝ վերսկսելու բանակցություններն ամենաբարձր մակարդակով։
Հիշում ենք, որ հարձակումը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում մեծ հումանիտար ճգնաժամի համատեքստում՝ Ադրբեջանի կողմից վերջին ինն ամիսներին Լաչինի միջանցքի շրջափակումից հետո՝ խախտելով Բաքվի ստանձնած պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումներով: Մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ պետք է ամբողջությամբ և մշտապես վերականգնվի։
Մենք լրջորեն անհանգստացած ենք խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի գործողությունների հետևանքներով և կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ էսկալացիան որպես պատրվակ օգտագործել տեղի բնակչությանը արտագաղթի ստիպելու համար։ Շարունակվող հարձակման անհապաղ չդադարեցման դեպքում մենք կոչ ենք անում Խորհրդին հիմնովին վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերություններն այս լույսի ներքո և դիտարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»:
XS
SM
MD
LG