ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կարող է միանալ հայ-ադրբեջանական վերջին լարվածության շուրջ դիվանագիտական քննարկումներին. Reuters 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողություն» սկսելուց հետո Միացյալ Նահանգները ներգրավվում է ընթացող դիվանագիտական աշխատանքներին: Դրա մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, ովքեր ընդգծել են, որ «միջադեպը» չափազանց վտանգավոր էր:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հավանաբար, առաջիկա 24 ժամվա ընթացքում «կմասնակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության վերաբերյալ արդեն ընթացող դիվանագիտական քննարկմանը»:

Մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ «տեղի ունեցողը հատկապես աղաղակող ու առանձնահատուկ վտանգավոր է, այդ իսկ պատճառով մենք, ակնհայտորեն, կպահպանենք կապը բոլոր կողմերի հետ»:

«Անհանգստացնում է այն, որ դա տեղի ունեցավ միանգամից, հատկապես այն բանից հետո, երբ մենք որոշակի առաջընթաց արձանագրեցինք Լաչինի միջանցքով բեռների փոխադրման հարցում», - ասել է առաջին պաշտոնյան: