Անցած հանգստյան օրերին «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը կարգադրեց իր զինյալներին կանգ առնել Մոսկվայից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա և ընդունեց Կրեմլի առաջարկը՝ մեկնել Բելառուս:
Նման քայլը կարող էր նրա և վարձկանների վերջը լինել։
Թե ինչ է այս ամենը նշանակում Վաշինգտոնի համար, այլ պատմություն է:
Երկուշաբթի նոր հարցեր ծագեցին:
«Օրակարգի ինչ-որ մի կարևոր կետի փոփոխություն տեղի չի ունեցել՝ հանգստյան օրերին կատարվածի պատճառով: Պետք է տեսնենք, թե ինչպես են իրադարձությունները ծավալվում»,- ասում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Նրա խոսքով, նախորդ շաբաթվա ավարտին Ռուսաստանում տեղի ունեցածի վերաբերյալ նախագահ Ջո Բայդենը տեղեկանում է յուրաքանչյուր ժամ: Երկուշաբթի Բայդենը հրապարակավ խոսեց.
«Մենք հստակ ասացինք, որ ներգրավված չենք: Դրա հետ կապ չունեինք։ Սա ռուսական համակարգի ներքին պայքարի մասն է»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Երկուշաբթի ունեցած ելույթում Պուտինը կարծես հարցականի տակ էր դնում վերոնշյալը.
Your browser doesn’t support HTML5
«Հենց այսպիսի արդյունք՝ եղբայրասպանություն էին ցանկանում Ռուսաստանի թշնամիները՝ նեոնացիստները Կիևում, և՛ նրանց արևմտյան հովանավորները, և՛ բոլոր տեսակի ազգային դավաճանները»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վերլուծաբան Լեոն Արոնը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, թե հստակ է մի բան.
«Կարծում եմ, բարեկամությունը հավանաբար ավարտված է: Հարցն այն է՝ արդյո՞ք Պուտինը կարող է ներել Պրիգոժինին: Հիմա Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, հավանաբար, չի փռշտում՝ առանց Պուտինի հետ նախօրոք համաձայնեցնելու։ Այնպես որ, ինչ երաշխիք, որ [Պուտինը] տվել է Պրիգոժինին, գուցե, արժեք չունենա»,- ասել է «American Enterprise Institute»-ի վերլուծաբան Լեոն Արոնը:
Պրիգոժինի վարձկանները կանգ առան Մոսկվայից ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա:
Մայրաքաղաքի բնակիչներն ասում են, որ իրենք նույնպես մոլորված են։
«Գաղափար չունեմ։ Ես չեմ հետևում նորություններին։ Փորձում եմ չկարդալ։ Հոգ եմ տանում իմ հոգեկան առողջության մասին»,- ասում է Մոսկվայի բնակիչ Ալեքսանդրը:
Երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ Պրիգոժինն ասել է, որ տանկեր է ուղարկել Մոսկվա՝ «մեր բողոքն արտահայտելու, ոչ թե իշխանափոխության համար»: