Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Կրեմլի դեմ ռուսական «Վագների» խռովության փորձը ռուսական ներիշխանական պայքարի մասն է, և որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կապ չունեն տեղի ունեցածի հետ:
«Հստակ հասկացրել ենք, որ ներգրավված չենք, ու որևէ կապ չունենք դրա հետ»,- երկուշաբթի ասել է Բայդենը՝ առաջին անգամ հրապարակավ անդրադառնալով նախորդ շաբաթվա վերջին Ռուսաստանում Եվգենի Պրիգոժինի առաջնորդած վարձկանների զինված ապստամբությանը։
«Այն ռուսական [քաղաքական] համակարգում պայքարի մասն էր»,- ընդգծել է նախագահը՝ հավելելով․ «Կշարունակենք գնահատել շաբաթվա վերջին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքները և դրանց ազդեցությունը Ռուսաստանի ու Ուկրաինայի վրա։ Բայց դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել, թե ինչի կհանգեցնի»։