Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը Telegram-ում հայտնել է, որ «Վագների» ստորաբաժանումները լքում են շրջանը։ Նրա խոսքով, հեռացումը տեղի է ունենում առանց բարդությունների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պրիգոժինի ոչ պաշտոնական մամլո ծառայությունը իր տելեգրամյան ալիքում հրապարակել էր աուդիո հաղորդագրություն «Վագների» ղեկավարի անունից, որտեղ Պրիգոժինին պատկանող ձայնն ասում է.
«Այժմ հասել է այն պահը, երբ կարող է արյուն թափվել։ Ուստի, գիտակցելով ողջ պատասխանատվությունը այն բանի համար, որ կողմերից մեկը կարող է ռուսական արյուն թափել, մենք հետ ենք շրջում մեր շարասյուները և սկսում շարժվել հակառակ ուղղությամբ դեպի դաշտային ճամբարներ՝ ըստ ծրագրի համաձայն»,- ասել է նա:
Ավելի ուշ ռուսական մամուլում տեղեկություններ հայտնվեցին՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, որ Լուկաշենկոյի հետ պայմանավորվածությամբ՝ Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը փակվում է, «Վագների» զինյալները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, նրանք կկարողանան վերանայել պայմանագրերը ՌԴ ՊՆ-ի հետ, իսկ ինքը՝ Պրիգոժինը հռանում է Բելառուս:
Բազմաթիվ լրատվամիջոցների Դոնի Ռոստովից հաղորդմամբ, «Վագներ» խմբի վարձկանները, որոնք նախկինում վերահսկողություն էին հաստատել այստեղ Հարավային ռազմական օկրուգի շտաբի նկատմամբ, հունիսի 24-ի երեկոյան սկսել են լքել քաղաքը։