Մատչելի հղումներ

Ինչպես է արձագանքում աշխարհը Պրիգոժինի ապստամբության հետ կապված զարգացումներին


Ինչպես տեղեկացնում է ռուսական պաշտոնական աղբյուրները, «Վագներ» հիմնադիր Պրիգոժինի ապստամբության ֆոնին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրենրի ղեկավարների հետ, ներառյալ Ղազախստանի, Ուզբեկստանի և Բելառուսի։ Դրա մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ըստ Պեսկովի՝ Պուտինը տեղեկացրել է իր զրուցակիցներին ստեղծված իրավիճակի մասին։

Բացի այդ, ըստ Կրեմլի, Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ վերջինիս նախաձեռնությամբ: Ըստ Կրեմլի՝ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված զինված ապստամբության փորձի հետ։ Կրեմլի պնդմամբ՝ Թուրքիայի Հանրապետության նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերին։

Ավելի ուշ տեղի է ունեցել Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ: Դրա մասին հայտնում է ՀՀ կառավարությունից։

Ըստ ՀՀ կառավարության հաղորդման, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած Ռուսաստանում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն է, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՀՀ կառավարության հաղորդման համաձայն, ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:

Միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել Վագների հետ կապված զարգացումներին՝ ընգծելով, որ ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շաբաթ օրը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին և կապ է պահպանում դաշնակիցների հետ, քանի որ Մոսկվան բախվել է տասնամյակների ընթացքում առաջին զինված ապստամբությանը:

Լոնդոնում տված հարցազրույցի ժամանակ, լրագրողների հարցերին պատասխանելով, Սունակը նշել է, որ իր հիմնական մտահոգությունը խաղաղ բնակիչների անվտանգությունն է և կոչ է արել բոլոր կողմերին պատասխանատվությամբ գործել:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին պատասխանատվություն դրսևորել և պաշտպանել խաղաղ բնակիչների կյանքը... Սա ամենակարևորն է... այս փուլում»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ վերջին ժամերի իրադարձությունները դարձել են «ռուսական պետության համար վերջին ժամանակների ամենանշանակալի մարտահրավերը»։

Շաբաթ առավոտյան Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական պետությունը բախվել է վերջին հիշողության մեջ անվտանգության ամենամեծ մարտահրավերին այն բանից հետո, երբ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռուսական ռազմական առաջնորդներին սպառնալուց անցավ Կրեմլի հետ ռազմական առճակատման:

«Առաջիկա ժամերին Ռուսաստանի անվտանգության ուժերի և հատկապես Ռուսաստանի ազգային գվարդիայի հավատարմությունը առանցքային կլինի այս ճգնաժամի ընթացքի համար», - ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության հետախուզության ծառայության հայտարարության մեջ: «Սա վերջին ժամանակների ամենակարևոր մարտահրավերն է ռուսական պետությանը»։

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Վագների ուժերը Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներից անցել են Ռուսաստան առնվազն երկու հատվածում և «գրեթե անկասկած» գրավել են Դոնի Ռոստովում անվտանգության առանցքային կառույցները, ներառյալ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի շտաբը:

«Վագների հետագա ստորաբաժանումները Վորոնեժի շրջանով շարժվում են դեպի հյուսիս՝ գրեթե անկասկած փորձելով հասնել Մոսկվա», - ասել է Մեծ Բրիտանիան:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը հետևում ենք իրավիճակը։

«Մենք հետևում ենք իրավիճակին և կխորհրդակցենք դաշնակիցների և գործընկերների հետ այս զարգացումների վերաբերյալ», - ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը:

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանում գտնվող Միացյալ Թագավորության քաղաքացիներին նախազգուշացրել է Ռուսաստանում անկարգությունների վտանգի մասին:

«Տեղեկություններ կան Ռոստովի մարզում ռազմական լարվածության և ամբողջ երկրում հետագա անկարգությունների վտանգի մասին: Բացի այդ, Միացյալ Թագավորություն վերադառնալու համար թռիչքների բավարար տարբերակներ չկան», - հայտնել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը ևս ուշադիր հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին, շաբաթ օրը հայտարարել է կառավարության խոսնակը։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,- ասել է խոսնակը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետեւում է Ռուսաստանում տիրող իրավիճակին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել են նախագահական պալատում։

«Մենք կենտրոնացած ենք Ուկրաինային աջակցելու վրա», - հայտնել են Ելիսեյան պալատում:

Լեհաստանի նախագահը խորհրդակցություններ է անցկացրել վարչապետի և պաշտպանության նախարարության հետ՝ կապված Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ, շաբաթ օրը հայտարարել է Անջեյ Դուդան՝ հավելելով, որ Վարշավան հետևում է իրավիճակին։

«Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ կապված՝ այսօր առավոտյան մենք խորհրդակցություններ ենք անցկացրել վարչապետի և պաշտպանության նախարարության, ինչպես նաև դաշնակիցների հետ»,- գրել է Դուդան։

«Հետևում ենք մեր արևելյան սահմանից դուրս իրադարձությունների ընթացքին շարունակական հիմունքներով»,- հավելել է նա։

Կիևը շաբաթ օրը հայտարարեց, որ Ռուսաստանում իրադարձությունները «նոր են սկսվում»:

«Ռուսաստանում ամեն ինչ նոր է սկսվում», - թվիթերում գրել է նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակը։ - Էլիտաների պառակտումը չափազանց ակնհայտ է։ Համաձայնել ու ձեւացնել, թե ամեն ինչ հարթված է, չի ստացվի»։

Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջիա Մելոնիի գրասենյակը հայտնել է. «Վարչապետ Մելոնին ուշադիր հետևում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք ցույց են տալիս, որ Ուկրաինայի վրա հարձակումը անկայունություն է առաջացնում Ռուսաստանի ներսում»։

ՆԱՏՕ-ն ևս «հետևում է իրավիճակին» Ռուսաստանում, ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն՝ պատասխանելով Reuters-ի էլեկտրոնային փոստով մեկնաբանությունների խնդրանքին:

Էստոնիան ուժեղացրել է իր սահմանային անվտանգությունը և կոչ է անում մարդկանց չմեկնել հարևան Ռուսաստանի որևէ հատված, շաբաթ օրը հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր երկրին ուղղակի վտանգ չկա»,- գրել է Կալլասը Twitter-ում։

Ռումինիան հայտնել է, որ ուշադիր հետևում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին և մշտական կապի մեջ է իր դաշնակիցների հետ, շաբաթ օրը հայտարարել է երկրի նախագահը։

«Ռումինիայի իշխանություններն ուշադրությամբ հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,- գրել է Կլաուս Յոհանիսը Twitter-ում։ — Անընդհատ տեղեկություն եմ ստանում իրադարձությունների վերաբերյալ։ Մենք մշտական կապի մեջ ենք դաշնակիցների հետ»։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շաբաթ օրը հայտարարել է, որ ինքը «ուշադրությամբ հետևում է» Ռուսաստանում տիրող իրավիճակին և կապի մեջ է Եվրամիության այլ առաջնորդների և G7-ի գործընկերների հետ:

«Սա ակնհայտորեն ներքին ռուսական խնդիր է», - թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարներին համախմբող կառույցի նախագահ Միշելը:

Նա հավելել է, որ ԵՄ-ի աջակցությունն Ուկրաինային և նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին մնում է «անսասան»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ «Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է».

«Ամբողջապես թուլացած է: Եվ որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու զինյալներին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա... Ուկրաինան կարող է պաշտպանել Եվրոպան ռուսական չարիքի և քաոսի տարածումից»,- գրել է Ուկրաինայի նախագահը։ - Ռուսաստանը երկար ժամանակ քողարկում էր իր թուլությունն ու հիմարությունը։ Իսկ հիմա այնքան քաոս է տիրում, որ կեղծիքով հնհանր է դա քողարկել... Եվ այս ամենն արել է մեկ մարդ»:

XS
SM
MD
LG