Մատչելի հղումներ

Բայդենը քննարկել է Ռուսաստանում ստեղծված կացությունը Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ


Սպիտակ տան մամլո քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որ շաբաթ առավոտյան նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին ազգային անվտանգության խորհրդականները զեկուցել են Ռուսաստանում վերջին զարգացումների մասին։ Հանդիպմանը մասնակցում էին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, շտաբի պետի ղեկավար Մարկ Միլին, ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը, Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Նախագահ Բայդենը և փոխնախագահ Հարիսը ողջ օրվա ընթացքում ստանում են ԱՄՆ հետախուզության օպերատիվ տեղեկատվությունը Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Բացի այդ, Սպիտակ տան հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Առաջնորդները քննարկել են Ռուսաստանում տիրող իրավիճակը։ Նրանք նաև հաստատել են իրենց անսասան աջակցությունն Ուկրաինային։

Իր հերթին, ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ քննարկել է Ռուսաստանի ներկայիս իրավիճակը Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ այն բանից հետո, երբ «Վագներ»-ի զինյալները վերահսկողության տակ առան Ռուսաստանի հարավում գտնվող որոշ ռազմական օբյեկտներ։

«Միացյալ Նահանգները կպահպանի սերտ համակարգումը դաշնակիցների և գործընկերների հետ, քանի որ իրավիճակը շարունակում է զարգանալ», - գրել է Բլինքենը Twitter-ում:

Նա վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային։

XS
SM
MD
LG