Ռուսաստանի մայրաքաղաքում վերստին տիրեց հանգստությունը, երբ վարձկանների «Վագներ» խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, թե դադարեցնում է ապստամբությունը և հրաժարվում է Մոսկվա շարժվելու մտադրությունից։ Հստակ չէ, թե ինչ ազդեցություն կունենա զինված ապստամբությունը, որն ավարտվեց Բելառուսի միջնորդած գործարքով:
Պրիգոժինն աստիճանաբար մեծացնում էր քննադատությունը ռուսական բանակի հրամանատարության հասցեին:
«Կարծիքը, որ Ռուսաստանի կողմից այս ագրեսիան, այս պատերազմը նախաձեռնվել էր կեղծ պատրվակով, որ Ուկրաինան կամ ՆԱՏՕ-ն սպառնալիք են Ռուսաստանին, որին այն պետք է արձագանքի ռազմական ճանապարհով․․․ ։ Այժմ, շատ ավելի ակնհայտ է, քան նախկինում․․․ ։ Թե ինչի կհանգեցնի, կրկին, դեռ չգիտենք»,- ասում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ուկրաինական ուժերին աջակցելը շարունակելու է մնալ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում՝ հավելել է Բլինքենը։
«Քանի դեռ ռուսների ուշադրությունը շեղված է [Ուկրաինայից] և նրանք պառակտված են, այն կարող է դժվարացնել նրանց ագրեսիան Ուկրաինայի դեմ: Մյուս կողմից, իհարկե, ցանկացած անկայունություն Ռուսաստանի նման խոշոր երկրում՝ մեծ տերությունում, անհանգստության տեղիք է տալիս»,- հավելել է Բլինքենը:
Պաշտպանական հետազոտությունների գծով փորձագետ Մարինա Միրոնի խոսքով, համաձայնություն տալով չեղարկել «Վագների» ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը՝ Պուտինը կարող է նվազեցնել իր հեղինակությանը հասցված վնասը։
«Գործը չհասավ մեծ արյունահեղության: Պուտինը հստակ գիտեր, թե որ կոճակները սեղմել, և նրան հաջողվեց հարթել իրավիճակը կուլիսների հետևում»,- ասում է Միրոնը:
Եթե գործարքի արդյունքում «Վագների» ղեկավարն, իրոք, Բելառուսում է, նա դեռ կարող է իր խոսքն ասել Ուկրաինայի դեմ պատերազմում՝ «Sky News»-ին փոխանցել է բրիտանական զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Ռիչարդ Դաննաթը։
«Եթե նա մեկնել է Բելառուս և պահպանել է [«Վագների»] արդյունավետ գործող մարտական ուժը, ապա նա սպառնալիք է ներկայացնում Կիևին ամենամոտ գտնվող ուկրաինական թևին»,- ասում է Դաննաթը:
Դաննաթն ուկրաինական ուժերին խորհուրդ է տալիս զգոն լինել։