Մատչելի հղումներ

Չնայած Ռուսաստանում տիրող քաոսին, Ուկրաինայում դաժան մարտեր են


Թեև Ռուսաստանում ներքին ակայունություն է՝ Կրեմլի ու «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման միջև, առաջնագծում մարտնչող ուկրաինացի զինվորականների խոսքով, մարտերը չեն հանդարտվել։

Մինչ բազմաթիվ ուկրաինացիներ լարված հետևում էին Ռուսաստանում ծավալվող քաոսին՝ հուսալով, որ թշնամին ինքն իրեն կթուլանա, առաջնագծում գտնվող զինվորները շարունակում էին մարտեր մղել:

Նրանց խոսքով, մարտադաշտում նկատելի փոփոխություններ չեն եղել, և ռուսական ուժերը շարունակում են հրետանային հարվածներ հասցնել հակահարձակում իրականցնող ուկրաինացիների ուղղությամբ:

«Մեր հարձակման, գրոհի ժամանակ առաջինը մեր հրետանին է գործում, և ռուս զինվորների մեծ մասը փախչում է դիրքերից։ Մնում են մի քանիսը, գուցե երկու-երեք զինվոր։ Հետո՝ մի երկու նռնակ ենք նետում ու վերջ»,- ասում է ուկրաինացի զինծառայող Բոգդանը:

Արդեն շաբաթներ շարունակվող ուկրաինական հարձակմանը մասնակից մյուս զինվորականների նման նա ասում է, որ լսել է խուճապահար ռուս զինվորների բողոքները՝ զինամթերքի և համալրման պակասի մասին:
Բայց ուկրաինացիները հավելում են, թե կատաղի մարտերը են եղել, քանի որ ռուսական զորքերը մեկ տարուց ավելի ժամանակ են ունեցել պաշտպանական գծեր կառուցել և տարածքը պահելու ռազմավարություն մշակել:

«Եթե նույնպես հետևում եք իրավիճակին, ապա գիտեք, որ հարձակումը և քաղաքների ազատագրումը այնքան էլ արագ չեն, որքան մենք կցանկանայինք։ Բայց գործն առաջ է գնում»,- ասում է ուկրաինացի զինվորական բժիշկ Իվանը:

Հակահարձակմանը մասնակից զինվորականների խոսքով, գրոհները շարունակվում են երկու կողմից էլ։
please wait

No media source currently available

0:00 0:02:37 0:00

Ժամանակին բարեկեցիկ գյուղերը դարձել են ամայի տարածք, որի համար, սակայն, Ուկրաինան պայքարում է:

Ուկրաինայի համեմատաբար խաղաղ բնակավայրերում տեղացիներն ասում են, թե հույս ունեն, որ ռուսաստանյան ներքին խժդժությունները կմոտեցնեն պատերազմի ավարտը, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք դա տեղի կունենա:

Սակայն մահն ու ավերածությունները, որոնց մարդիկ ականտես են եղել, անհնարին են դարձնում երջանիկ ավարտը՝ շարունակում են բնակիչները:

«Քանի՞ երիտասարդ է զոհվել: Քանի՞սն են դարձել հաշմանդամ: Գույքը կարելի է վերակառուցել, բայց չենք կարող մարդկանց հետ բերել»,- ասում է Զապորոժիեյի բնակիչ Վալենտինա Եֆիմենկոն:

Ավելի քան մեկ տարվա հրետակոծությունից զատ, Զապորոժիեն մեծապես տուժել է Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումից, որը տասնյակ մարդկանց կյանք խլեց և շրջանը վերածեց հսկայական անապատի, ինչի հեևանքով տեղացիները սննդի ու ջրի սուր կարիք ունեն:

Բայց մարտի դաշտում զինվորներն ասում են՝ իրենց ողջ միտքը ռազմական խնդիրների շուրջ է։

«Ամեն ինչ անում ենք, որպեսզի [պատերազմը] հնարավորինս շուտ ավարտվի։ Ուզում ենք տուն գնալ։ Հասկանում ենք, որ տուն չենք գնա, քանի դեռ մեր մայր Ուկրաինան ազատ ու ապաահով չէ»,- ասում է ուկրաինացի զինծառայող Յուրին:

Նրա խոսքով, զինվորների համար պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան հաղթի, ինչը նշանակում է ազատագրել Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված հողերը:

XS
SM
MD
LG