Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվել է բացահայտել այն կետերը, որոնք Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում են՝ ընդգծելով. «Մենք, իհարկե, ունենք մի շարք կետեր, որոնք ցանկանում ենք քննարկել: Չեմ պատրաստվում դրանք հրապարակայնորեն ներկայացնել: Ակնհայտ է, որ դրանք շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են, որոնք տեղի կունենան այստեղ: Ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն վաղը՝ երեքշաբթի, և կշարունակվեն շաբաթվա ընթացքում՝ մինչև հինգշաբթի: Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարներին: Շաբաթվա ընթացքում ավելի շատ մանրամասներ կունենանք: Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության, և ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման ու տևական, արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»:
Հիշեցնենք, օրերս Հայաստանի արտգործնախարարության խոսնակը թվիթերյան գրառմամբ հայտնել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն՝ նշելով․ «Հունիսի 27-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև կանցկացվի հարաբերությունների կարգավորման համաձայնագրի շուրջ քննարկումների հերթական փուլ»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը ևս հանդես է եկել հաղորդագրությամբ՝ նախարար Բայրամովի ԱՄՆ -ը կատարելիք այցի ու Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման վերաբերյալ, ուր, մասնավորապես, ասված է. «Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով 2023 թվականի հունիսի 26-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այցի շրջանակներում նախատեսվում են անցկացնել երկկողմ հանդիպում պետքարտուղար Բլինքենի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների հերթական փուլը՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ»: