ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ իր ճեպազրույցի ժամանակ պատասխանել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին: Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա օրերին պետքարտուղարը հնարավորություն կունենա խոսել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ:
Ի պատասխան բանակցային գործընթացի հնարավոր նոր փուլի մեկնարկի մասին հարցին՝ Նեդ Փրայսն ասել է.
«Մենք պատրաստվում ենք անել այն, ինչն, ի վերջո, առավել օգտակար է: Անցած տարեւերջին պետքարտուղարը մի քանի հանդիպումներ ունեցավ իր գործընկերների հետ՝ եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ: Մենք այն անցկացրեցինք Blair House-ում, ինչպես նաև Նյու Յորքում: Իհարկե, վերջին ժամանակներում մենք արձանագրել ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք տեսնել կառուցողական երկխոսության վերականգնում: Պատրաստ ենք երկկողմ ներգրավվածության, պատրաստ ենք համագործակցել մեր գործընկերների հետ և նրանց միջոցով, ներառյալ ԵԱՀԿ-ի, կամ եռակողմ ձևաչափով, ինչպես դա արել ենք անցյալում»,- հայտնել է Փրայսը:
Նեդ Փրայսի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստ է գործել ամենաարդյունավետ ուղիով և ճիշտ ժամանակին: Պատասխանելով բանակցային գործընթացում ներգրավված բարձրաստիճան դիվանագետների մասին հարցին՝ Փրայսը հիշեցրել է, որ դեսպան Ռիքերն ավարտել է իր երկարաժամկետ դիվանագիտական կարիերան ԱՄՆ պետքարտուղարությունում:
«Դեսպան Ռիքերը 30-ամյա փառավոր կարիերայից հետո անցյալ շաբաթ թոշակի անցավ պետքարտուղարությունից: Բայց այս գերատեսչությունում կան մի շարք անհատներ, ովքեր խորապես ներգրավված են այս գործընթացում, ներառյալ հենց պետքարտուղար Բլինքենը: Սա նրա անձնական առաջնահերթություններից է։ Բացի այդ կան այնպիսի դիվանագետներ, ինչպիսիք են Թորիա Նուլանդը, Քերեն Դոնֆրիդը, եվրոպական և եվրասիական հարցերով մեր բյուրոյի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր խորապես ներգրավված կլինեն այս գործընթացում»,- հայտնել է Փրայսը:
Ի պատասխան բանակցող մյուս կողմերի ներգրավված պաշտոնյաների մասին հարցին՝ Նեդ Փրայսն ընդգծել է, որ դա նրանց որոշելիքն է: