Մատչելի հղումներ

 
Խորապես մտահոգված ենք ադրբեջանական կողմի կրակոցներից երկու օտարերկրացիների վիրավորման փաստով. ԱՄՆ պետքարտուղարություն

Խորապես մտահոգված ենք ադրբեջանական կողմի կրակոցներից երկու օտարերկրացիների վիրավորման փաստով. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ, ինչի հետևանքով հայկական կողմում վիրավորվել են երկու օտարերկրացիներ։

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը «Twitter»-ում, մասնավորապես, գրել է․ «Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առնչվող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից։ Վերահաստատում ենք սահմանների երկայնքով զսպվածության պահպանման մեր կոչը, քանի որ կողմերը աշխատում են երկարատև և հավասարակշռված խաղաղության հաստատման ուղղությամբ»:

Նախօրեին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Միլլերը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետաձգման պատճառը «հարյուր տոկոսով ժամանակացույցն է» ՝ ընդգծելով, որ հետաձգումն ամենևին չի արտացոլում «բանակցությունների վիճակը և տարաձայնությունները»:

Միլլերն ընդգծել էր. «Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլին, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը՝ Հարավային Կովկասի համար: Ինչպես նշել ենք նախկինում, կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ մնացած խնդիրների լուծման համար։ Գտնում ենք՝ համաձայնությունը հասանելի է»:

Միլլերը հրաժարվել է հստակեցնել բանակցությունների նոր փուլի ժամկետը՝ հույս հայտնելով, որ հանդիպման համար նոր ամսաթիվ կնշանակվի հնարավորինս շուտ:

XS
SM
MD
LG