Ռուսաստանի իշխանական համակարգում լուրջ ճեղքեր են գոյանում «Վագներ» խմբավորման ղեկավարի կողմից Պուտինին մարտահրավեր նետելուց հետո․ Բլինքեն

Միացյալ Նահանգները կենտրոնացնում է իր ուշադրությունն Ուկրաինային աջակցելու ուղղությամբ այն բանից հետո, երբ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորումը բացահայտ մարտահրավեր նետեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ռուսաստանի մայրաքաղաքում վերստին տիրեց հանգստությունը, երբ վարձկանների «Վագներ» խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, թե դադարեցնում է ապստամբությունը և հրաժարվում է Մոսկվա շարժվելու մտադրությունից։ Հստակ չէ, թե ինչ ազդեցություն կունենա զինված ապստամբությունը, որն ավարտվեց Բելառուսի միջնորդած գործարքով:

Պրիգոժինն աստիճանաբար մեծացնում էր քննադատությունը ռուսական բանակի հրամանատարության հասցեին:

«Կարծիքը, որ Ռուսաստանի կողմից այս ագրեսիան, այս պատերազմը նախաձեռնվել էր կեղծ պատրվակով, որ Ուկրաինան կամ ՆԱՏՕ-ն սպառնալիք են Ռուսաստանին, որին այն պետք է արձագանքի ռազմական ճանապարհով․․․ ։ Այժմ, շատ ավելի ակնհայտ է, քան նախկինում․․․ ։ Թե ինչի կհանգեցնի, կրկին, դեռ չգիտենք»,- ասում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Ուկրաինական ուժերին աջակցելը շարունակելու է մնալ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում՝ հավելել է Բլինքենը։

Your browser doesn’t support HTML5

«Վագներ» խմբավորման ապստամբությունից հետո Վաշինգտոնն ուշադրությունը կենտրոնացնում է Ուկրաինայի ուղղությամբ

«Քանի դեռ ռուսների ուշադրությունը շեղված է [Ուկրաինայից] և նրանք պառակտված են, այն կարող է դժվարացնել նրանց ագրեսիան Ուկրաինայի դեմ: Մյուս կողմից, իհարկե, ցանկացած անկայունություն Ռուսաստանի նման խոշոր երկրում՝ մեծ տերությունում, անհանգստության տեղիք է տալիս»,- հավելել է Բլինքենը:

Պաշտպանական հետազոտությունների գծով փորձագետ Մարինա Միրոնի խոսքով, համաձայնություն տալով չեղարկել «Վագների» ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը՝ Պուտինը կարող է նվազեցնել իր հեղինակությանը հասցված վնասը։

«Գործը չհասավ մեծ արյունահեղության: Պուտինը հստակ գիտեր, թե որ կոճակները սեղմել, և նրան հաջողվեց հարթել իրավիճակը կուլիսների հետևում»,- ասում է Միրոնը:

Եթե գործարքի արդյունքում «Վագների» ղեկավարն, իրոք, Բելառուսում է, նա դեռ կարող է իր խոսքն ասել Ուկրաինայի դեմ պատերազմում՝ «Sky News»-ին փոխանցել է բրիտանական զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Ռիչարդ Դաննաթը։

«Եթե նա մեկնել է Բելառուս և պահպանել է [«Վագների»] արդյունավետ գործող մարտական ուժը, ապա նա սպառնալիք է ներկայացնում Կիևին ամենամոտ գտնվող ուկրաինական թևին»,- ասում է Դաննաթը:

Դաննաթն ուկրաինական ուժերին խորհուրդ է տալիս զգոն լինել։