Հարյուրավոր ուկրաինացի ակտիվիստներ Սիեթլում միացել են «Տուն վերադարձրեք մեր երեխաներին» կոչով ցույցին՝ բողոքելով հազարավոր ուկրաինացի երեխաների՝ Ռուսաստան կամ Ռուսաստանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ տեղափոխելու դեմ:
Ըստ Ուկրաինայի իշխանությունների, ռուսական ներժումից ի վեր ապօրինի կերպով տեղափոխվել է մոտ 20 հազար երեխա, վերադարձել են 400-ից պակասը:
Վալերի Գոլոբորոդկոն Սիեթլում Ուկրաինայի պատվավոր հյուպատոսն է․ «Այսօր ուկրաինացի մայրերն ու հայրերը լալիս են իրենց երեխաների համար: Երեխաներ, որոնց առևանգել են ռուսիստները, մոսկվացիները, պարզապես՝ չար ռեժիմը, որը ցանկանում էր բնաջնջել մեր ազգը։ Նրանք առևանգել են մեր երեխաներին, փորձում են լվանալ նրանց ուղեղները, նրանց վերածել ռուսաստանցիների, բայց ապարդյուն»:
Անցած շաբաթ Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ռուսաստանի դեմ լսումները: Մոսկվան պնդում է, որ երեխաներին Ուկրաինայից դուրս են բերել բացառապես մարդասիրական նկատառումներով և միայն ընտանիքների համաձայնությամբ, եթե, իհարկե, այդ ընտանիքները գանցված չեն որպես անհետ կորած:
Your browser doesn’t support HTML5
Աննա Կիրյենկոն Վաշինգտոն նահանգ է եկել մոտ մեկ տարի առաջ՝ Ուկրաինայի Մալին քաղաքից․ «Ռուսաստանը բազմաթիվ երեխաների է տարել։ Այդ երեխաներն ունեն հոգեբանական տրավմա, չեն կարողանում հանգիստ քնել»։
Վաշինգտոնում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ թուրքմեն ակտիվիստ Չեմեն Օրեն «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը ասել է, որ Ուկրաինայում պատմությունը կրկնվում է. «Ցանկանում ենք, որ երեխաները տուն վերադառնան։ Նրանք պատկանում են Ուկրաինային։ Նրանք պատկանում են իրենց ծնողներին»:
Լոս Անջելեսում ցույցի ժամանակ Կիևից դուրս եկած փախստական Իրինա Դեմչիշինան «Ամերիկայի Ձայն»-ի ուկրաինական ծառայությանն ասել է՝ իր դստեր անվտանգությունն է հիմնական պատճառը, որ լքել են հայրենիքը․ «Ոմանք պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում։ Իսկ եթե ինչ-որ տեղ լսել են պատերազմի մասին, այնքան ընդհանուր [պատկերացումներ ունեն], պարզապես չգիտեն ողբերգության ծավալների մասին, որ Ուկրաինայում է ու կատարվում է մեր ժողովրդի հետ»:
Դեռևս մարտին Միջազգային քրեական դատարանը կարգադրեց ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և այդ երկրում երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային՝ ռազմական հանցագործություն գործելու, մարդկանց ապօրինի արտաքսումների, Ուկրաինայից ապօրինաբար երեխաների տեղափոխելու մեղադրանքներով: