Մատչելի հղումներ

Ռուսաստանը «ցեղասպանություն» է գործել Ուկրաինայում. Զելենսկի 


Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի կողմից շարունակվող և չհրահրված պատերազմը որակել է «ցեղասպանություն», իսկ արևմտյան առաջնորդները դատապարտում են Կիևի արվարձաններից մեկում ռուսական ուժերի կողմից իրականացրած վայրագությունները

Օդեսայի երկնքում սև ամպեր են: Քաղաքային իշխանությունները հայտնում են, որ Ուկրաինայի խոշոր նավահանգստային քաղաքը, «Սև ծովի մարգարիտ» անվամբ հայտնի, հրթիռակոծվում է ռուսական զինուժի կողմից: Օդեսայում է գտնվում նաև Ուկրաինայի ռազմածովային շտաբը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնում է, որ ռուսական նավերն ու ինքնաթիռները հարվածել են նավթի վերամշակման օբյեկտներին և վառելիքի պահեստներին, որոնք, նրա պնդմամբ, աջակցություն են ցուցաբերել մոտակա ուկրաինական զորքերին: Ուկրաինացի պաշտոնյան դա անվանել է «կրիտիկական ենթակառուցվածքների ոչնչացման պրակտիկա» :

Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ընթանում է արդեն վեց շաբաթ: Ուկրաինական զորքերը հայտարարում են, որ հաջողությամբ հետ են մղում ռուսական ուժերի հարձակումները: Սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին նախազգուշացնում է, որ երկրի քաղաքների փողոցները ողողված են չպայթած ականներով, պայթուցիկներով և զոհված մարդկանց դիակներով: Դրա վառ օրինակներից է Կիևի արվարձանում գտնվող Բուչա քաղաքը, որը օրերս հետ է անցել ուկրաինական ուժերի վերահսկողության տակ: Այստեղ ուկրաինական բանակը հայտնաբերել է բազմաթիվ սպանված խաղաղ բնակիչների:

«Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք։ Մեզ մոտ են ապրում ավելի քան 100 ազգություններ։ Խոսքն այժմ այս բոլոր ազգությունների ներկայացուցիչների բնաջնջման մասին է։ Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք և չենք ցանկանում ենթարկվել Ռուսաստանի Դաշնության քաղաքականությանը: Սա է պատճառը, որ մեզ ոչնչացնում են»,- ասել է Զելենսկին։

Բուչայի քաղաքապետը պատմում է բազմաթիվ զոհերի մասին, ովքեր հայտնաբերվել են մեջքի հետևում կապած ձեռքերով: Ռուսական զորքերը գնդակահարել են նրանց նահանջի ժամանակ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է գործել։ Իր խոսքում նա ընդգծել է, որ անհնարին է հանգիստ դիտել Ռուսաստանի գործած այս վայրագությունները, որոնց պետք է անհապաղ վերջ տրվի:

Չնայած բազմաթիվ ապացույցների՝ Ռուսաստանը հերքում է խաղաղ բնակիչների թիրախավորումը: Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեքսի Արեստովիչը ներկայացնում է ռուսական ուժերի գործած ռազմական հանցագործությունները՝ նշելով, որ զոհերի թվում կան բռնաբարված կանայք, որոնց փորձել են վառել: Բացի այդ, ըստ նրա, սպանվել են տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, երեխաներ, տարեցներ, տղամարդիկ, որոնցից շատերի ձեռքերը եղել են կապված, իսկ մարմինների վրա հայտնաբերվել են խոշտանգումների հետքեր, գլխի հատվածում` հրազենային վնասվածքներ:

Այս օրերին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի շրջանակում հանդիպմանը մասնակցելու համար, որտեղ նա բանակցություններ կանցկացնի իր գործընկերների հետ: Պետքարտուղարն ընդգծում է գործած ռազմական հանցագործությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում դաշինքի վճռականությունը:

Հոդվածը պատրաստված է Արաշ Արաբասադիի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG