Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահը Վարշավայում հանդիպել է ուկրաինացի փախստականների հետ


Բայդենը հիացած է ուկրաինացիների ոգու ուժով

Ավարտելով իր այցը Եվրոպա՝ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հանդիպեց Լեհաստանում ուկրաինացի փախստականների հետ՝ իր հիացմունքը փոխանցելով նրանց վճռականության կապակցությամբ Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարում:

Բայդենն ուշադրությամբ լսում էր, երբ երեխաները, ծնողների հետ միասին, նկարագրում էին հարեւան Ուկրաինայից Լեհաստան տեղափոխվելու վտանգավոր ճանապարհորդությունը: Որոշ կանայք և երեխաներ Բայդենին պատմեցին, որ ստիպված են եղել փախչել առանց իրենց ամուսինների և հայրերի. զորակոչի տարիքի տղամարդիկ պետք է մնային՝ ռուսական ուժերին դիմակայելու համար:

«Այն, ինչ ինձ միշտ զարմացրել է մարդկային ոգու խորությունն ու ուժն է», - ասել է Բայդենը լրագրողներին փախստականների հետ հանդիպումից հետո մարզադաշտում, որը վերջին շրջանում ծառայում է որպես դաշտային հիվանդանոց COVID-19 հիվանդների համար: Այդ երեխաներից յուրաքանչյուրն ինձ խնդրեց աղոթել իր հայրիկի, պապիկի կամ եղբոր համար, ովքեր կռվում են Ուկրաինայում, ասել է նախագահը:

Նա վստահեցրել է Լեհաստանին, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի Վարշավան ռուսական ցանկացած հարձակումից՝ ընդունելով, որ ԱՄՆ-ը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, կրում է փախստականների ճգնաժամի պատասխանատվության բեռը:

«Ձեր ազատությունը մեր (ազատությունն է)»,- ասել է Բայդենը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ զրույցում՝ կրկնելով երկրի ոչ պաշտոնական կարգախոսներից մեկը։

Վարշավայի նախագահական պալատում երկու երկրների ղեկավարները խոսել են փոխադարձ հարգանքի և ընդհանուր նպատակների մասին՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման կասեցման հետ։

«Չնայած ժամանակները շատ դժվար են, այսօր լեհ-ամերիկյան հարաբերությունները փայլուն փուլում են», - ասել է Դուդան:

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայից հեռացել է ավելի քան 3,7 միլիոն մարդ, որոնցից 2 միլիոնը գտնվում է Լեհաստանում։ Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ը հայտարարեց, որ ընդունելու է մինչև 100,000 փախստական: Բայդենը Դուդային ասել է, որ հասկանում է, որ Լեհաստանը «մեծ պատասխանատվություն է վերցնում իր վրա, բայց պատասխանատվությունը պետք է լինի ամբողջ ՆԱՏՕ-ի վրա»:

Բայդենը ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության պայմանագիրն անվանել է «սուրբ պարտավորություն» և ասել, որ արևմտյան ռազմական դաշինքի միասնությունն առաջնային նշանակություն ունի։

«Ես վստահ եմ, որ Վլադիմիր Պուտինը հույս ուներ, որ ՆԱՏՕ-ն կպառակտվի»,- ասել է Բայդենը։ -Բայց նա չկարողացավ դա անել: Մենք միասնական մնացինք»։

Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Բայդենի ելույթը կներկայացնի «առաջիկա առաջադրանքի հրատապությունը» և «ինչ է նշանակում Ուկրաինայի հակամարտությունը աշխարհի համար, և ինչու է այդքան կարևոր, որ ազատ աշխարհը մնա միասնական՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի։ »:

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG