Մատչելի հղումներ

Ուկրաինացի շուրջ 3 միլիոն փախստական հանգրվանել է Լեհաստանում


Վերջին մի քանի ամիսների ընթացքում Լեհաստանը մեծահոգաբար ընդունել է հարևան Ուկրաինայից պատերազմի փախստականներին: Սակայն ավելի քան 3 միլիոն փախստականի ներհոսքը մեծ մարտահրավեր է 38 միլիոն բնակչություն ունեցող Լեհաստանի համար։ Եվրոպական այլ երկրները ևս օգնություն են ցուցաբերում, սակայն ծանրության զգալի հատվածն ընկնում է Լեհաստանի վրա, որը կարող է լուրջ խնդիրներ ունենալ, եթե պատերազմը ավելի երկարի:

Լեհաստանն ընդունել է պատերազմից փախած ուկրաինացի փախստականների կեսից ավելին, որոնց զգալի հատվածը կանայք և երեխաներ են, ասում է Լեհական միգրացիոն ֆորումի նախագահ Ագնեշկա Կոսովիչը:

«Լեհերի ճնշող մեծամասնությունը ոչ միայն օգնում է միգրանտներին կամ համակրում նրանց, այլ ուղղակիորեն ներգրավված է նրանց օգնության մեջ և հյուրընկալում է փախստականներին իրենց տներում»,- ասում է Ագնեշկա Կոսովիչը:

Լեհաստանում են հանգրվանել ավելի քան 3 միլիոն ուկրաինացի փախստականներ
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

Ամբողջ Լեհաստանում ուկրաինական դրոշներ են ու համերաշխության այլ խորհրդանիշներ։ Սակայն Կոսովիչն ասում է, որ նման ոգևորությունը կարող է նվազել: Նա ասում է, որ խանդավառությունը կարող է թուլանալ, քանի որ ծանրության բեռը մեծանում է Լեհաստանի դպրոցների, հիվանդանոցների և այլ հաստատությունների վրա: Ըստ նրա՝ դժվար է երկարաժամկետ պահպանել ներգրավվածության և աջակցության այս բարձր մակարդակը:

Ուկրաինացիները աշխատանքի են անցնում նաև Լեհաստանում, որը լարվածություն կարող է առաջացնել նաև աշխատաշուկայում:

«Լեհ ժողովուրդը աշխատանք չունի ուկրաինացիների պատճառով, որովհետև նրանք զբաղեցնում են լեհերի աշխատատեղերը»,- պնդում է Լեհաստանի քաղաքացի Սոնյան, ով չցանկացավ տրամադրել իր ազգանունը:

Գործազրկության ցածր պաշտոնական թվերը հակասում են այդ տրամադրություններին, թեև վերջին երեք ամիսների ընթացքում մոտ 100,000 ուկրաինացի փախստական կանայք աշխատանք են գտել այստեղ:

Պատերազմի բռնկման ժամանակ մոտ 800 հազար աշխատատեղ, հիմնականում շինարարության ոլորտում, թափուր մնացին, քանի որ ուկրաինացի տղամարդիկ վերադարձան Ուկրաինա՝ ռուս զավթիչների դեմ պայքարելու համար:

Թեև ուկրաինացի փախստականների մեծ մասն այստեղ ցանկանում է վերադառնալ տուն, Ագնեշկա Կոսովիչն ասում է, որ նրանցից շատերը կարող է չկարողանան անել դա:

«Կարծում եմ, որ հենց հիմա մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր չեն վերադառնա նույնիսկ, եթե վաղը պատերազմն ավարտվի, քանի որ նրանք վերադառնալու տեղ չունեն»,- ասում է Կոսովիչը:

Ուկրաինան և Լեհաստանը վերապրել են ծանր տարիներ Երկրորդ աշխարհամարտի և խորհրդային իշխանության օրոք, ասում է Կոսովիչը: Երկու ժողովուրդները ցանկանում են, որ պատերազմը դադարի, սակայն ռազմական գործողսույունները դեռևս շարունակվում են:

Հոդվածը պատրաստվել է Վարշավայում Ամերիկայի ձայնի լրագրող Գրեգ Ֆլակուսի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG