Ուկրաինական ուժերը Կիևի Բուչա արվարձանն ազատագրել են ռուսական զինուժից անցյալ տարվա մարտի 31-ին։
Նահանջող ռուսական ուժերը թողել են այրված շենքեր, փողոցներում դիակներ և զանգվածային գերեզմաններ։ Կիևի մարզում զոհվել է 1374 մարդ։
Մեկ տարի անց Բուչան դարձել է ռուսական պատերազմի վայրագությունների էպիկենտրոն:
Քաղաքի քաղաքապետը «Ամերիկայի Ձայն»-ի թիմի հետ քայլեց դեպի նախկին զանգվածային գերեզմանների վայր, որտեղ թաղված են ռուսական օկուպացիայի ժամանակ զոհվածների մարմինները:
Քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը հիշում է, թե ինչպես էին դուրս բերվում մարմինները։ Այնտեղ էին նաև ԵՄ նախագահը և եվրոպական այլ առաջնորդներ։
«Արտաշիրմումի առաջին օրն այստեղ էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բարելը, հինգ եվրոպական երկրների վարչապետներ: Մեկ օր անց Եվրախորհրդարանում վան դեր Լեյենը ասաց. «Ես այնտեղ էի ու տեսել եմ դա» խոսքերը»,- պատմում է քաղաքապետը:
Եվրամիության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն «աննկարագրելի» է որակել Ռուսաստանի գործողությունները։
Your browser doesn’t support HTML5
«Ամբողջ աշխարհն է սգում Բուչայի ժողովրդի հետ: Նրանք են պաշտպանում Եվրոպայի սահմանը, պաշտպանում են մարդկությանը, պաշտպանում են ժողովրդավարությունը, և, հետևաբար, մենք նրանց կողքին ենք այս կարևոր պայքարում»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Սուրբ Անդրեասի եկեղեցում դեռևս երևում են հրետանային գնդակոծության հետքեր: Հայր Անդրեյ Հալավինը ճանաչում էր սպանվածներից շատերին։
«Եկեղեցու դիմացի տանը 2014 թվականին Դոնբասի պատերազմից փախած ընտանիք էր ապրում: Նրանք կրկին փորձում էին փախչել, սակայն նրանց մեքենայի ուղղությամբ կրակ բացվեց: Ամուսինը սողալով կարողացել է դուրս պրծնել, կորցրել է ոտքը, բայց մայրն ու երկու երեխաները այրվել են մեքենայի մեջ»,- ասում է քահանան։
Քաղաքապետ Ֆեդորուկը հիշում է, թե ինչպես ռուսական բանակը տիրեց քաղաքին, ահաբեկեց ժողովրդին և թույլ չտվեց որևէ մեկին հեռանալ:
«Նրանք քաղաքը պատանդ դարձրեցին և վերածեցին կենդանի վահանի՝ այստեղից Կիևը գնդակոծելու համար»,- պատմում է քաղաքապետ Ֆդորուկը։
Քաղաքապետը ցույց է տալիս «Ամերիկայի Ձայն»-ին մի վայր, որտեղ, ըստ նրա, հողին են հանձնված ավելի քան 100 անհայտ մարմիններ: Նա ասում է, որ ռուսական ուժերը թիրախավորել են շատերին, ովքեր հայտարարել են, որ ուկրաինացի են:
«Փողոց առ փողոց նրանք սկսեցին մաքրման օպերացիան իրենց մոտ եղած անուննրի ու հասցեների համաձայն՝ կատարելով իրենց ռազմական և քաղաքական ղեկավարության հստակ հրամանը։ Մենք Կիևի արվարձան ենք, ուստի այստեղ ապրում են բազմաթիվ կարծիք ունեցող անձինք, պետական պաշտոնյաներ, ներկա և նախկին պատգամավորներ»,- ասում է նա:
Քաղաքի հայտնի ուկրաինացիների տները վնասվել կամ ավերվել են: Քաղաքապետի խոսքով՝ հայտնաբերված մահացածների շուրջ 98%-ը տեղի բնակիչներն էին: Նրանց ընտանիքները արդարություն են պահանջում։
«Մեզ համար կենսականորեն կարևոր է, որ մենք ազատագրենք Ուկրաինայի տարածքը, որ աշխարհն անցկացնի ռազմական տրիբունալ։ Չարը պետք է պատժվի»,- հայտնում է Ֆդորուկը։
Ազատագրումից մեկ տարի անց համաշխարհային առաջնորդները, մշակույթի գործիչներն ու հայտնի մարդիկ շարունակում են գալ Բուչա՝ տեսնելու ռուսական դաժանության դեմքը և միանալու արդարության կոչին:
Հոդվածը պատրաստվել է Բուչայից «Ամերիկայի ձայն»-ի Արևելյան Եվրոպայի բյուրոյի ղեկավար Միրոսլավա Գոնգաձեի նյութի հիման վրա