Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագետների կողմից հավաքված և փաստագրված բազմաթիվ ապացույցներ վկայում են այն մասին, որ Ռուսաստանը մեղավոր է Ուկրաինայի տարածքում Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի ‘’Մոսկովյան մեխանիզմ’’-ի երկրորդ զեկույցում, որի շրջանակներում ստեղծվել է փորձագիտական առաքելություն՝ ուսումնասիրելու Ուկրաինա ռուսական ներխուժման ընթացքում մարդու իրավունքները և մարդասիրական հարցերում գրանցված բացասական հետևանքները։
Զեկույցն ընդգրկում է 2022 թվականի ապրիլի 1-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածը։ Նախորդ զեկույցը հրապարակվել էր ապրիլի 13-ին։
Ըստ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի, ‘’Մոսկովյան մեխանիզմ’’-ի կողմից հրապարակված երկու զեկույցները «ներկայացնում են մի Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ադ թվում` պոտենցիալ պատերազմական հանցագործությունների և այլ վայրագությունների մասին մինչ օրս ամենաընդգրկուն իրականությունը»: Միացյալ Նահանգները և մեր գործընկերները կձգտեն պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր խախտումների համար պատասխանատուներին, այդ թվում` Ուկրաինայում կատարված պատերազմական հանցագործությունները»:
Փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայում խաղաղ բնակչության և քաղաքացիական թիրախների դեմ հարվածների մասշտաբն ու հաճախականությունը «վստահելի ապացույց են այն բանի, որ մարտերն իրականացվում են ռուսական զինված ուժերի կողմից՝ ի հեճուկս միջազգային մարդասիրական սկզբունքները պահպանելու իրենց հիմնարար պարտավորություններին»:
Ուկրաինական Բուչա և Իրպին քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ այց են կատարել ԵԱՀԿ առաքելության պատվիրակության անդամները, Մոսկվայի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման վառ օրինակներ են եւ հանդիսանում են պատերազմական հանցագործություններ։
Բացի այդ, բռնի գործողությունները, որոնք խախտում են մարդու իրավունքների միջազգային իրավունքը, որոնք բազմիցս արձանագրվել են ուկրաինական պատերազմի ընթացքում, ինչպիսիք են նպատակային սպանությունները և քաղաքացիական անձանց հարկադիր առևանգումները, կարող են որակվել որպես «լայնածավալ կամ համակարգված հարձակումներ՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ»: Նման գործողությունները հանցագործություն են ընդդեմ մարդկության։
Փորձագետները եզրակացրել են, որ ռուս զինվորականները, դատելով բազմաթիվ լուսանկարներից և տեսագրություններից, Բուչայում իրականացրել են նպատակաուղղված եւ կազմակերպված սպանություններ խաղաղ բնակիչների շրջանում, որտեղ «հաճախ հայտնաբերվել են մարդիկ` ձեռքերը թիկունքից կապված, սպանված վիճակում»:
Կիևի մարզի ոստիկանության տվյալներով՝ ռուսական զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանում հայտնաբերվել է 900 խաղաղ բնակիչի դի, որոնց գրեթե 95%-ը գնդակահարվել է։ Զեկույցը նկարագրում է Բուչայում ամառային այն ճամբարը, որտեղ հայտնաբերվել են խոշտանգումների համար նախատեսված սենյակներ: Դրանցից մեկում հայտնաբերվել է քաղաքացիական հագուստ հագած հինգ տղամարդու դի։ Նրանց մարմինները պատված են եղել այրվածքներով, կապտուկներով և վերքերով։
Բուչանսկի շրջանի գյուղերից մեկում մի տան նկուղում հայտնաբերվել է սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների անդամահատված 18 մարմին:
Զեկույցը փաստում է, որ ռուսական զորքերը Բուչայում զբաղվել են խաղաղ բնակչության պարբերական թալանով: Այնուհետև գողացված իրերը ռուս զինվորականները վաճառել են Բելառուսի շուկաներում, որոնք ստեղծված են թալանածը վաճառելու համար: ԵԱՀԿ-ի տվյալներով՝ նման շուկաներում վաճառվում էին «լվացքի մեքենաներ, աման լվացող մեքենաներ, սառնարաններ, զարդեր, մեքենաներ, հեծանիվներ, մոտոցիկլետներ, սպասք, գորգեր, արվեստի գործեր, մանկական խաղալիքներ և կոսմետիկա»։
Զեկույցում ընդգծվում է, որ քաղաքացիական անձանց զանգվածային բռնի տեղափոխումը օկուպացված տարածքից դեպի օկուպացիոն տերության տարածք արգելված է 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներով, և այս պրակտիկան համարվում է պատերազմական հանցագործություն։ Այնուամենայնիվ, չնայած այս արգելքին, ավելի քան 1,3 միլիոն ուկրաինացի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ավելի քան 200,000 երեխաներ, իրենց կամքին հակառակ արտաքսվել են Ռուսաստան:
Զեկույցում ներառված է Մարիուպոլի քաղաքապետի նկարագրությունը, թե ինչպես են իրականացվել այդ տեղահանությունները. «Գիշերը զինված մի մարդ մտավ ապաստարան ու ասաց, որ սա տարհանում է ... ինչ-որ տեղ Ուկրաինայից դուրս: Հետո նրանց բարձեցին գնացքների մեջ ու տարամ Ռուսաստանի Դաշնություն»։
Զեկույցում նշվում է նաև, որ ռուսական զորքերը բնակեցված վայրերում օգտագործել են կասետային զինամթերք և պայթուցիկ սարքեր, ինչպիսիք են օդային ռումբերը, հրթիռները, ծանր հրետանու արկերը և բազմաթիվ հրթիռային կայանքներ։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը զեկույցի հրապարակման կապակցությամբ արած հայտարարության մեջ նշել է, որ ‘’Մոսկովյան մեխանիզմ’’-ը միջազգային հանրության հասանելի բազմաթիվ գործիքներից մեկն է միայն՝ հավաքելու տեղեկատվություն, որը կարող է օգտագործվել հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ .
«Եվ մենք չենք հանգստանա, քանի դեռ մեղավորները… այդ սարսափելի արարքների մեղավորները պատասխանատվության չենթարկվեն… Այս ջանքերը կարևոր դեր կխաղան արդարադատության հաստատման գործում... », - ասված է Քարփենթերի հայտարարության մեջ: «Թույլ տվեք ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները կգործադրի բոլոր ջանքերը՝ աջակցելու բոլոր նախաձեռնություններին՝ պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների և այլ վայրագությունների մեղավորներին»:
''Ամերիկայի Ձայն''-ի Ռուսական ծառայություն