Հինգշաբթի ուշ երեկոյան լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանք է առաջադրվել Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի կողմից, թեև կոնկրետ մեղադրանքները դեռևս պարզ չեն:
Մեղադրանքը չի ներկայացվել 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների կողմից Կոնգրեսի վրա հարձակման համար, ինչի համար Թրամփը դեռ հետաքննության մեջ է: Սակայն որպես հատուցում չափահասների համար ֆիլմերի նախկին դերասանուհի Սթորմի Դենիելսին, ով ասում է, որ Թրամփը խնդրել է իրեն լռել սեռական հարաբերությունների մասին:
«Սա առաջին դեպքն է, երբ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել հանցագործության համար»,- ասում է դաշնային նախկին դատախազ Նեամա Ռահմանին:
Թրամփը առաջադրվել է նաև 2024 թվականի նախագահական ընտրություններում: Նա այս քայլն անվանել է քաղաքական հետապնդում և ընտրություններին միջամտություն համացանցում գրառման մեջ:
«Նրանք կփորձեն այնպես անել, որ նա հնարավորինս ոչ պոպուլյար երևա: Թվում է, թե նրանք հետապնդում են Թրամփին, իր առաջին ընտրություններում հաղթելուց ի վեր»,- ասում է Թեքսասի բնակիչ Մարք Ֆանքը:
«Կարծում եմ՝ այս լուրին սպասում էր ողջ ժողովուրդը և ամբողջ աշխարհը։ Կարծում եմ, կարևոր չէ, թե ում մասին է խոսքը, արդարությունը պետք է իրականացվի»,- ասում է Նյու Յորքի բնակիչ Ջենիֆեր Քաբանան:
Քաղաքական վերլուծաբան Շերի Բեբիչ Ջեֆն ասում է, որ դեմոկրատ դատախազի քայլը կարող է օգնել Թրամփին իր կողմնակիցների շրջանում, քանի որ նա ձգտում է դառնալ հանրապետականների թեկնածու նախագահի պաշտոնի համար:
«Եվ նրանք կզայրանան։ Իսկ մեղադրական եզրակացությունը չեն ընդունի։ Եվ դեռ վաղ է, բայց եթե այդ զայրույթը շարունակվի մինչև ընտրությունները, նրանք մեծ թվերով կմասնակցեն ընտրություններին»,- ասում է նա:
Նա նաև ասում է, որ մեղադրական եզրակացությունը կվնասի Թրամփին համընդհանուր ընտրություններում, ինչն իր ազդեցությունը կթողնի անկախ ընտրողների ձայների վրա:
Այնուամենայնիվ, մեղադրական եզրակացությունը չի խանգարի Թրամփին առաջադրվել նախագահի պաշտոնում, և սահմանադրագետների կարծիքով, նույնիսկ մեղավոր ճանաչվելը չի խանգարի նրան ստանձնել պաշտոնը, եթե նա հաղթի: