Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան իր զեկույցում, անդրադառնալով Հայաստանին, շեշտում է՝ քաղաքական լարվածությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու պատճառով առաջ եկած անվտանգության խորացող խնդիրները գերակայում են Հայաստանի զարգացումներում:
Զեկույցը փաստում է՝ Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարը մի քանի անգամ խախտվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ և Հայաստան ներխուժմամբ, իսկ անկանոն ռազմական միջադեպերը շարունակում են սպառնալ Լեռնային Ղարաբաղի և հարակից մի քանի շրջանների գյուղերի ու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակչության անվտանգությանն ու կյանքին: Անցած տարվա սեպտեմբերյան ընդհարումների արդյունքում տեղահանվել է շուրջ 7,600 խաղաղ հայ բնակիչ, հիմնականում կանայք և երեխաներ, նշում է զեկույցը՝ վկայակոչելով հայկական կողմի տվյալները:
Ըստ HRW-ի՝ իր կողմից վավերացված տեսանյութը փաստել է «առնվազն յոթ հայ զինվորների արտադատական մահապատժի ենթարկման մասին, ըստ երևույթին` ադրբեջանցի զինվորականների կողմից»: Հայ առնվազն 30 ռազմագերիներ և երեք խաղաղ բնակիչ, որոնց Բաքուն չի ճանաչում որպես ռազմագերիներ, շարունակում են պահվել Ադրբեջանի բանտերում:
HRW-ի համաձայն՝ ՀՀ իշխանությունները վարել են դատաիրավական, ոստիկանական և սահմանադրական հավակնոտ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն: Ըստ զեկույցի՝ սակայն, երկրում առկա են մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, ներառյալ իրավապահների վատ վերաբերմունքը, միջամտությունը հավաքների ազատությանը, ընտանեկան բռնությունները, հաշմանդամների նկատմամբ խտրականությունն ու սեռական կողմնորոշման կամ գենդերային պատկանելիության վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը:
Խոսելով անցած տարում Ադրբեջանում ընթացող զարգացումներից մարդու իրավուքների ոլորտում՝ HRW-ն արձանագրում է՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը չի բարելավվել, իսկ ԵՄ-ը, որը դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը մեծացնող պայմանագիր է ստորագրել Բաքվի հետ, չի օգտագործել «երկկողմանի լայն համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները՝ մարդու իրավունքների ոլորտում բարելավում ապահովելու համար»:
Կառույցի պնդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են երկրում հետապնդել այլախոհներին, կեղծ մեղադրանքներ օգտագործել քաղաքական ակտիվիստների ու ընդդիմադիրների հանդեպ, իսկ ոստիկանությունը բռնություն է կիրառում ձերբակալվածների հանդեպ։
Ըստ զեկույցի՝ իշխանության քննադատները ենթարկվում են բարոյական ճնշումների ու սպառնալիքների: Երկրում առկա են շուրջ 30 քաղբանտարկյալներ, իսկ լրատվամիջոցները շարունակում են մնալ կառավարության կոշտ վերահսկողության ներքո, արձանագրել է HRW-ը։
Անդրադառնալով հարավկովկասյան մեկ այլ երկրի՝ Վրաստանին՝ զեկույցն ընդգծում է՝ մամուլի ազատությունը հետընթաց է ապրել. հարձակումներ են արձանագրվել բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ, իսկ ընդդմադիր «Mtavari Arkhi TV» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան դատապարտվել է ավելի քան երեք տարվա ազատազրկման: Որոշում, որը լայն քննադատության է արժանացել վրաց քաղհասարակության կողմից՝ որակվելով «քաղաքականապես դրդված»:
Վրաստանի մասին զեկույցում արձանագրված մտահոգության մյուս ոլորտներն են իրավապահների կողմից իրականացվող բռնությունների նկատմամբ պատասխանատվության բացակայությունը, անօրինական գաղտնի հետևումները, աշխատանքի անարդար պայմաններն ու բռնությունը կանանց ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:
Human Rights Watch-ը տարեկան իր զեկույցում լայնորեն անդրադարձել է նաև Ռուսասատանի կողմից Ուկրաինա ներխուժմանը՝ բարձր գնահատելով միջազգային հանրության արձագանքը, որը ռուսական ագրեսիայի դեմ կիրառել է «մարդու իրավունքների համակարգի «ամբողջական զինանոցը», ներառյալ Միջազգային քրեական դատարանի հետաքննությունը»: Զեկույցն անդրադառնում է Ռուսաստանի ուժերի կողմից ուկրաինական Բուչա, Իզյում ու այլ բնակավայրերում իրականցրած զանգվածային սպանություններին ու պատերազմական այլ հանցագործությունների՝ նշելով՝ «ռուսական ուժերը մահապատժի են ենթարկել քաղաքացիական անձանց և այլոց, ում վերջին անգամ տեսել են ռուսական կալանքի տակ»:
Դրա հետ մեկտեղ, զեկույցը նշում է՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա դրել է Ռուսաստանում հասարակական այլախոհությունն արմատախիլ անելու համակարգված ալիքի սկիզբ։ Ուկրաինայում դաժան ռազմական գործողությունները Ռուսաստանում ուղեկցվել են մարդու իրավունքների խախտումներով, հակապատերազմական ակտիվիստների, այլախոհների և Պուտինի իշխանության քննադատների նկատմամբ բռնաճնշումներով:
Անցած տարին աչքի է ընկել ողջ աշխարհում՝ Ուկրաինայից ու Չինաստանից մինչև Աֆղանստան, մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ ճգնաժամերով, փաստում է տարեկան զեկույցը՝ շեշտելով՝ առաջ են եկել նաև մարդու իրավունքների նոր պաշտպաններ:
«Ակնհայտ եզրակացությունը, որին հանգում ես 2022թ.-ի մարդու իրավունքների ճգնաժամերից, այն է, որ չվերահսկվող ավտորիտար իշխանությունը մարդկանց ենթարկում է բազմաթիվ տառապանքների... Բոլոր կառավարություններն ունեն ոչ միայն հնարավորություն, այլև պարտավորություն՝ իրենց սահմաններում կամ դրանից դուրս մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար»,- նշել է HRW-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Տիրանա Հասանը: