ԱՄՆ պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. ԱՄՆ պետքարտուղարություն

Մայիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:

Ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցի ու ԱՄՆ դիրքորոշման մասին՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը, մասնավորապես, ասել է.

«ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն է ունեցել խոսելու Հայաստանի վարչապետի հետ: Նրանք քննարկել են այն դրական զարգացումները, որը մենք տեսանք վերջին օրերին ու վերջին շաբաթների ընթացքում Հարավային Կովկասում: Պետքարտուղարը խոսել է այն մասին, որ մենք պատրաստ ենք աջակցել սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Նա խրախուսել է շարունակական առաջընթացը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացման ուղղությամբ: Պետքարտուղարը նաև ընդգծել է երկկողմ երկխոսության շարունակական կարևորությունը՝ այս տարածաշրջանում առկա մարտահրավերները լուծելու համար։ Նա վերահաստատել է մեր աջակցությունը, ԵՄ միջնորդությամբ, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի երկխոսությանը։ Նա նաև վերահաստատում է, ինչպես դուք լսել եք ինձանից և ուրիշներից, մեր պատրաստակամությունը ներգրավվելու երկկողմանի ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը: