ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի երեկվա ավանդական մամլո ասուլիսին անդրադարձ է եղել ԼՂ հակամարտությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Ի պատասխան լրագրողների այն հարցերին, թե ինչպիսի ճակատագիր է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբին և ինչպես է ԱՄՆ կարող նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Փրայսը նշել է, որ անցած շաբաթ շոշափել է այս խնդիրը՝ շեշտելով, որ մի քանի շաբաթ առաջ պետքարտուղար Բլինքենը զրուցել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը և օգտագործել ներգրավվածության համար գոյություն ունեցող ուղիղ մեխանիզմները՝ խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի շուրջ համապարփակ լուծումներ գտնելու և իրենց հարաբերությունները կարգավորելու համար»
Պետքարտուղարության խոսնակը նաև հավելել է.
«Ինչ վերաբերում է մեր դերին, ապա պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այսպիսով, երբ մենք խոսում ենք գոյություն ունեցող մեխանիզմների մասին, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա մի մասն է»,- ընդգծել է Փրայսը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու այս պահին տարածաշրջանում գտնվող Էնդրյու Շոֆերը պաշտոնական լրահոսում ներկայացվել է ոչ թե որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, այլ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական՝ Փրայսն ասել է, որ չի տիրապետում մանրամասներին Շոֆերի այցի և նրա կարգավիճակի կապակցությամբ և խոստացել կապ հաստատել հարցը հնչեցրած լրագրողի հետ, եթե լինի որևէ բան ավելացնելու անհրաժեշտություն: