ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանում ընթացող ցույցերի վերաբերյալ հարցին: Պետքարտուղարության խոսնակը նախ հիշեցրել է, որ անցած շաբաթ Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության հերթական հանդիպումը` շեշտելով, որ այդ քննարկումների ընթացքում կողմերը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը: Նա վերահաստատել է նաև Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը: Ցույցերի կապակցությամբ խոսնակն ասել է.
«Մենք լիովին աջակցում ենք ազատ կամաարտահայտման և խաղաղ հավաքների հիմնարար իրավունքը։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ ձևով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին՝ զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- հայտարարել է ԱՄՆ պետքատուղարության խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան լրագրողներից մեկի հնչեցրած հարցին։