«Վիքիլիքս»–ի հիմնադիրն ասել է, որ խմբավորումը տեղի չի տալու ԱՄՆ–ի պաշտոնյաների սպառնալիքներին, սակայն Աֆղանստանին վերաբերող ռազմական գաղտնի փաստաթղթեր հրապարակելուց առաջ հեռացնելու է «անմեղ մարդկանց» անունները։
Շաբաթ օրը Շվեդիայում գտնվող Ջուլիան Ասանջին հայտնել է լրագրողներին այն մասին, որ իր գործողությունները պայմանավորված չեն Պենտագոնի կամ որևէ այլ գործակալության պահանջներով։
Ջուլիան Ասանջին ասել է, որ ամսվա վերջին «Վիքիլիքս»–ում նախատեսվում է հրապարակել լրացուցիչ 15000 գաղտնի փաստաթուղթ։ Նա ավելացրել է, որ բոլոր փաստաթղթերը ստուգվում են «տող առ տող», և դրանցից հեռացվելու են այն անձանց անունները, որոնց կյանքը կարող է «զգալի վտանգի» ենթարկվել։
Պենտագոնը հայտնել է «Վիքիլիքս»-ին, որ կայքէջի գործողությունները վտանգում են ԱՄՆ-ի զինծառայողների և Աֆղանստանի քաղաքացիների կյանքը և վնաս են հասցնում թալիբների դեմ անցկացվող ռազմական գործողություններին: Հաղորդագրությունների համաձայն, թալիբները ուսումնասիրում են այդ փաստաթղթերը՝ նպատակ ունենալով վրեժխնդիր լինել ԱՄՆ–ի զինվորականների հետ համագործակցող ցանկացած իրազեկիչի նկատմամբ։
Անցած ամիս «Վիքիլիքս» կայքում հրապարակված գաղտնի փաստաթղթերը պարունակում էին մեղադրանքներ, որոնց համաձայն Պակիստանի պետական ծառայողները հանդիպում և խորհրդատվություն էին տրամադրում թալիբներին, իսկ Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերը թաքցնում էին տեղեկատվությունը ռազմական այն գործողությունների մասին, որոնք դարձել էին քաղաքացիական անմեղ զոհերի պատճառ։