Մատչելի հղումներ

Շվեդիայի դատախազը կրկին բացելու է գործը «Վիքիլիքս» կայքի հիմնադրի դեմ


Շվեդիայի դատախազ Մարիաննե Նիիn ասել է, որ կրկին բացելու է հետաքննությունը բռնաբարության գործով, որում անցած ամիս մեղադրվել է «Վիքիլիքս»–ի հիմնադիր Ջուլիան Ասանջին: Ըստ մեղադրանքի, նա բռնաբարել և բռնաբարության փորձ է կատարել երկու կնոջ նկատմամբ:

Դատախազ կողմից չորեքշաբթի օրը այս հայտարարությունը հրապարակելուց մեկ շաբաթ առաջ մեկ այլ դատախազ հայտարարել էր, որ բռնաբարության մեղանդրանքները վկայություններով հիմնավորված չէին: Այդ դատախազն ասել էր, որ շարունակվելու է բռնաբարության փորձ կատարելու ոչ այնքան լուրջ գործով հետաքննությունը:

Սակայն չորեքշաբթի օրը դատախազ Մարիաննե Նին ասել է, որ ընդլայնելու է բռնաբարության փորձ կատարելու հետաքննությունը` ներառելով «սեռական հարաբերությունների մեջ մտնելու հարկադրման և սեռական հարաբերությունների մեջ մտնելու հարկադրման փորձ կատարելու» մեղադրանքները:

39 տարեկան Ջուլիան Ասանջին մերժում է այդ մեղադրանքները` ասելով, որ առանց փոխադարձ համաձայնության երբևէ չի մտել սեռական հարաբերությունների մեջ:

Գաղտնապահ և թափառական ապրելակերպ վարող Ջուլիան Ասանջին չունի մշտական բնակության վայր և ճանապարհորդում է երկրից երկիր` բնակվելով համախոհներով տրամադրված կացարաններում:

Հուլիս ամսին նրա ղեկավարած «Վիքիլիքս» կայքում հրապարակվել էր Աֆղանստանի պատերազմին վերաբերող ԱՄՆ-ի կառավարության գաղտնի ավելի քան 70 հազար փաստաթուղթ: Մի քանի շաբաթից կայքում նախատեսվում է հրապարակել ևս մի քանի հազար նմանատիպ փաստաթուղթ:

XS
SM
MD
LG