Թուրքական «Մավի Մարմարա» նավը չի միանալու այս ամսվա վերջին դեպի Գազայի գոտի ուղևորվող միջազգային նավատորմին:
Այս հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես են եկել նավատորմի ուղևորության կազմակերպիչները` ասելով, որ տեխնիկական պատճառներով «Մավի Մարմարա»-ն չի միանալու նավատորմի մյուս նավերին:
Անցյալ տարի նավատորմը փորձել էր խախտել Իսրայելի կողմից Գազայի գոտու պարտադրված շրջափակումը, որի ընթացքում Իսրայելի հատուկ ուժերի հետ բախումների պատճառով զոհվել էր ինն ակտիվիստ:
Իսրայելը նախկինում հայտնել է, որ կանխելու է առանց այս երկրի անվտանգության ուժերի կողմից ստուգման դեպի Գազայի հատված հասնելու փորձ կատարող ցանկացած նավի ընթացքը:
Աշխարհի պետությունների առաջնորդները կոչ են արել պաղեստինցիներին օգնություն առաքելու նպատակ հետապնդող նավատորմի կազմակերպիչներին դադարեցնել ծրագրվող ուղևորությունը` հնարավոր բախումները կանխելու նպատակով:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հիշեցրել է ակտիվիստներին, որ Եգիպտոսը վերջերս բացել է «Ռաֆահ» սահմանային անցակետը, ինչը, ըստ էության, ավարտին է հասցրել Գազայի գոտու մեկուսացումը: