Մատչելի հղումներ

Գազայի գոտուն օգնություն առաքող նավատորմի կազմակերպիչները վճռական են


Գազայի գոտուն օգնություն առաքող նավատորմի կազմակերպիչները վճռական են
Գազայի գոտուն օգնություն առաքող նավատորմի կազմակերպիչները վճռական են

Դեպի Գազայի գոտի օգնություն հասցնելու նպատակով կազմակերպված նավատորմի կազմակերպիչները չեն հրաժարվում իրենց ծրագրերից՝ չնայած վերջերս տեղի ունեցած մի շարք հետաձգումների։

Օգնության նավատորմի կազմակերպիչ պաղեստինամետ ակտիվիստները հայտարարել են, թե պատրաստվում են մարտահրավեր նետել Իսրայելի կողմից Գազայի շրջափակմանը։ Հունաստանի իշխանություների կողմից կանգնեցված ամերիկյան նավի ուղևորներից մեկը՝ Գրետա Բեռլինը, Իսրայելին ու Միացյալ Նահանգներին մեղադրել է նավատորմի մեկնարկելուն խոչընդոտելու մեջ։

«Հունաստանի կառավարության վրա զգալի ճնշում է գործադրում Իսրայելի և, հավանաբար, մեր իսկ երկրի կառավարությունը», - ասել է Բեռլինը։

Իսրայելը և Միացյալ Նահանգները հորդորել են նավատորմին չխախտել Գազայի գոտու շրջափակումը՝ զգուշացնելով, որ առաքելությունը վտանգավոր և սադրիչ բնույթ է կրում։

Այս երկու պետություների դիրքորոշումները սատարել են ՄԱԿ-ն ու Եվրամիությունը, որոնք կոչ են արել նավատորմին կայանել Իսրայելի կամ Եգիպտոսի նավահանգիստներից մեկում և օրինական կարգով՝ ցամաքային տրանսպորտով տեղափոխել բեռը դեպի Գազայի գոտի։

Ակտիվիստները սակայն մերժել են այս առաջարկը՝ ասելով, որ շրջափակումն անօրինական և անբարոյական է։

Դեպի Գազայի գոտի ուղևորվող նավատորմի կազմակերպիչները հուսով են, որ իրենց կհաջողվի իրականացնել Իսրայելի կողմից շրջափակված այս տարածքը ութ նավակ և բեռնատար երկու նավ հասցնելու առաքելությունը։ Նավերով Գազայի գոտի է նախատեսվում հասցնել մոտ 300 մարդ, ներառյալ քաղաքական գործիչների, լրագրողների, գրողների և կրոնական գործիչների, ինչպես նաև տեղափոխել այս տարածքի համար նախատեսված բեռներ։

Նավերից երկուսը սակայն դուրս են եկել շարքից՝ ենթադրաբար Իսրայելի կողմից իրականացված սաբոտաժի պատճառով: Իսկ Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ թույլ չեն տալու երկրի նավահանգստում կայանած վեց նավերին ուղղություն վերցնել դեպի Գազայի գոտի։

Նավատորմի մեկնարկման ձգձգումների պատճառով բազմաթիվ ակտիվիստներ այլևս չեն կարողանալու մասնակցել նավատորմի գործունեությանը՝ ժամանակի սղության պատճառով։

XS
SM
MD
LG