Մատչելի հղումներ

Իսրայելի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպումը տեղի չի ունենալու


Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի և Թուրքիայի նրա պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի միջև նախատեսված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Իսրայելի նախագահը հրաժարվել է ներողություն խնդրել Թուրքիայի գլխավորությամբ դեպի Գազայի գոտի ուղևորվող փոքր նավատորմի վրա Իսրայելի զինված ուժերի հարձակման համար:

Հիշեցնենք, որ մայիս ամսին դեպի Գազայի գոտի ուղևորվող փոքր նավատորմի կազմում գտնվող թուրքական լաստանավի վրա իրականացված գրոհի ժամանակ զոհվել էր ազգությամբ թուրք ինը մարդ, որոնցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի էր:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, վերջերս Իսրայելը կրկին կատարել է տարածաշրջանում իր միակ մահմեդական դաշնակցի հետ հարաբերությունները բարելավելու փորձ: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտնել էր լրագրողներին, որ համաձայն է միանալ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին` Նյու Յուրքում անցկացվող «Քլինթընի համաշխարհային նախաձեռնության» անցկացման ընթացքում, ապա ընդունել է առանձին հանդիպում անցկացնելու մասին Գյուլի հրավերը:

Սակայն Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ դրանից հետո հանդիպումն անցկացնելու համար Գյուլն անընդունելի պայմաններ է առաջադրել:

Երկուշաբթի օրը Աբդուլլահ Գյուլը ժխտել է լուրերը այդ հանդիպման անցկացման մասին: Թուրքիայի նախագահն ասել է, որ «իրենց միջև այդպիսի հանդիպման անցկացում նույնիսկ չի նախատեսվել»:

XS
SM
MD
LG