Մատչելի հղումներ

Իսրայելի սահմանի մոտակայքում բախումների պատճառով կան զոհեր


Իսրայելի սահմանի մոտ երեք հատվածներում պաղեստինցիների կողմից անցկացված բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունների պատճառով կան զոհեր և վիրավորներ։

Ականատեսների և Լիբանանի աղբյուրների վկայությամբ, Իսրայելի զինված ուժերը կրակ են բացել Լիբանանից Իսրայել անցնելու փորձ կատարած ցուցարարների ուղղությամբ՝ սպանելով առնվազն հինգ և վնասվածքներ պատճառելով ավելի քան 50 մարդու։

Սիրիայի և Իսրայելի սահմանին ցույցեր անցկացնող պաղեստինցիները փորձել են անցնել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներին առկա ցանկապատը։ Սիրիայի պաշտոնատար անձանց և ականատեսների համաձայն, Իսրայելի զորքերի կողմից բացված կրակի պատճառով սպանվել է չորս, վնասվածքներ ստացել՝ առնվազն 45 մարդ։

Բախումներ են տեղի ունեցել նաև Գազայի գոտու հետ սահմանի երկայնքով, որտեղ, պաղեստինցիների իշխանությունների համաձայն, վնասվածքներ է ստացել 60 մարդ։

Բժշկական աղբյուրների համաձայն, Երուսաղեմի մոտակայքում քարեր նետող ցուցարարներին ցրելու համար նրանց ուղղությամբ զինվորների կողմից արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ կիրառելու արդյունքում վնասվածքներ է ստացել ավելի քան 100 ցուցարար։

Պաղեստինցիների կողմից անցկացվող ցույցերը նշանավորում են 1948 թվականին Իսրայելի անկախության հռչակումից հետո տեղի ունեցած պատերազմի արդյունքում պաղեստինցի ավելի քան 700 հազար ընտանիքների վտարումը, որը պաղեստինցիներն անվանում են արաբական «Նաքբա»՝ թարգմանաբար՝ «աղետ» բառով։

XS
SM
MD
LG