Մատչելի հղումներ

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի գոտում գտնվող թիրախների ուղղությամբ


Գազայի գոտում կառավարող «Համաս» մահմեդական խմբավորման կողմից հաղորդված տեղեկությունների համաձայն, Իսրայելի ռազմական ինքնաթիռները հարված են հասցրել Գազայի գոտու և Եգիպտոսի միջև սահմանի մոտակայքում անօրինական բեռնափոխադրումներ իրականացնելու համար փորված թունելների, ինչպես նաև Գազայի կենտրոնական մասում գտնվող «Համաս»-ի ուսումնական ճամբարների վրա:

Պաղեստինյան լրատվամիջոցների համաձայն, հարվածների արդյունքում տուժածներ չեն եղել:

Իսրայելի իշխանությունները շարունակում են հետաքննել Երուսաղեմում չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակումը, որի զոհ է դարձել Մեծ Բրիտանիայի քաղաքացի մի կին, և որի պատճառով 31 մարդ վնասվածքներ է ստացել:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգը դատապարտել է Երուսաղեմում իրականացված «ահաբեկչության անգութ և նողկալի» հարձակումը, իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախազգուշացրել է զինյալներին` խորհուրդ չտալով փորձել Իսրայելի «պողպատե կամքը», և խոստացել կոշտ միջոցներ ձեռնարկել` ահաբեկչական այս հարձակմանն ի պատասխան:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ` հորդորելով այս գործողությունների համար պատասխանատու կողմերին վերջ տալ հարձակումներին և շեշտելով, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։

Երուսաղեմում չորեքշաբթի օրն իրականացված հարձակումը խիստ քննադատության են արժանացրել նաև պաղեստինցիների վարչապետ Սալամ Ֆայադը և նախագահ Մահմուդ Աբբասը:

Պաղեստինցի զինյալները ողջունել են Երուսաղեմում իրականացված ահաբեկչական հարձակումը, որևէ կազմակերպություն դեռևս պատասխանատվություն չի ստանձնել այս հարձակման համար։

XS
SM
MD
LG