Մատչելի հղումներ

Իսրայելի օդուժը կրկին հարձակում է կատարել Գազայի զինյալների վրա


Իսրայելի օդուժը կիրակի օրը հարձակում է կատարել Գազայի գոտու վրա, որի պատճառով զոհվել է պաղեստինցի երկու զինյալ։

Իսրայելի ուղղությամբ հաճակ հարձակումներ իրականացնող «Մահմեդական ջիհադ» խմբավորումը հայտնել է, որ զոհված զինյալներն այս խմբավորման անդամ են եղել։

Իսրայելի բանակի խոսնակն ասել, որ օդուժը հարձակում է իրականացրել «Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռակոծություն նախապատրաստող ահաբեկչական ստորաբաժանումներից մեկի վրա»։

Վերջին շաբաթվա ընթացքում երկու կողմերի միջև հարաբերությունները շարունակել են մնալ լարված՝ իրար դեմ իրականացված հրթիռային, նռնակային և օդային հարվածների պատճառով։

Իսրայելի զինուժը հայտնել է, որ կիրակի օրը մեկնարկելու է «Երկաթյա երկնակամար» հակահրթիռային պաշտպանության համակարգի աշխատանքը։ Կառավարության համաձայն, միլիոնավոր դոլար արժողությամբ այս համակարգն ունակ է ոչնչացնել հինգից մինչև 70 կիլոմետր շառավղից արձակված հրթիռներ։

Պաղեստինցի զինյալները, ներառյալ Գազայում իշխող «Համաս» խմբավորումը, շաբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Իսրայելի կողմից հարձակումները դադարեցնելու դեպքում իրենք նույնպես կդադարեցնեն կրակը: Սակայն Իսրայելը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը։

XS
SM
MD
LG