Մատչելի հղումներ

«Մեծ քսանյակը» համաձայնվել է ֆինանսական միջոցներ տրամադրել ԱՄՀ-ին


«Մեծ քսանյակը» համաձայնվել է ֆինանսական միջոցներ տրամադրել ԱՄՀ-ին
«Մեծ քսանյակը» համաձայնվել է ֆինանսական միջոցներ տրամադրել ԱՄՀ-ին

«Մեծ քսանյակի» պետությունները համաձայնվել են ավելացնել Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական պաշարները` վերջինիս Եվրոպայում ծավալված պարտքային ճգնաժամի հետևանքների դեմն առնելու գործում օգնություն ցուցաբերելու նպատակով:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այս որոշումը «Մեծ քսանյակի» պետություններն ընդունել են հինգշաբթի օրը Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացվող գագաթաժողովի ընթացքում:

Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչպես է տրամադրվելու Արժույթի միջազգային հիմնադրամին խոստացած օգնությունը, քանի որ ներկայիս ժամանակում աշխարհի խոշորագույն տնտեսությունները, ներառյալ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը, իրենք են պայքարում առկա տնտեսական դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ:

Եվրոպայի պետությունների պետական պարտքի հետ կապված ճգնաժամի տարածման կանխումը եղել է «Մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների միջև անցկացվող քննարկումների կենտրոնում նույնիսկ այն բանից հետո, երբ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հինգշաբթի օրը հրաժարվել է հանրաքվեի դնել պետական պարտքի լուծման վերաբերյալ եվրոպական պետությունների կողմից մշակված ծրագիրը:

Միացյալ Նահանգների և անցումային տնտեսությամբ երկրների կողմից գործադրված ճնշման արդյունքում Իտալիան համաձայնվեց, որ ԱՄՀ-ը պետք է վերահսկի այս երկրում ֆինանսական խիստ խնայողության միջոցառումների իրականացումը, որի նպատակն է` կանխել Իտալիային ֆինանսական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը:

Գագաթաժողովի ավարտական երկրորդ օրվա ընթացքում «Մեծ քսանյակի» պետությունների ղեկավարները քննարկել են նաև համաշխարհային տնտեսության կայունացման, ինչպես նաև իրենց պետությունների ներսում սպառման ավելացումը խթանելու խնդիրները:

XS
SM
MD
LG