Մատչելի հղումներ

Շուկաները դրական են արձագանքել ԵՄ-ի առաջնորդների կողմից ներկայացված ծրագրին


Շուկաները դրական են արձագանքել ԵՄ-ի առաջնորդների կողմից ներկայացված ծրագրին
Շուկաները դրական են արձագանքել ԵՄ-ի առաջնորդների կողմից ներկայացված ծրագրին

Եվրոպական Միության առաջնորդները հինգշաբթի օրը ներկայացրել են Հունաստանի պարտքային բեռը զգալիորեն նվազեցնելու և եվրոյի գոտում ֆինանսական օգնություն տրամադրելու հիմնադրամի չափը մեծացնելու մասին ծրագրերը:

Բրյուսելում տասը ժամվա ընթացքում անցկացված լարված բանակցություններից հետո, ԵՄ-ի անդամ պետությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի իրենց հաջողվել է համոզել մասնավոր հատվածի ներդրողներին ընդունել Հունաստանի կառավարության պարտատոմսերով 50 տոկոս կորուստի չափը, ինչը թույլ է տվել նվազեցնել Հունաստանի պարտքը 140 միլիարդ դոլարով:

Այս ծրագիրը թույլ կտա մինչև 2020 թվականը նվազեցնել Հունաստանի պարտքային բեռը՝ հասցնելով այն երկրի ՀՆԱ-ի ներկայիս 160 տոկոսից մինչև 120 տոկոսը:

Հունաստանի պարտատոմսերով կրած վնասները փոխհատուցելու համար, եվրոպական խոշորագույն բանկերին անհրաժեշտ կլինի մինչև հաջորդ տարվա հունիս ամիսը հայթայթել լրացուցիչ 148 միլիարդ դոլար:

Եվրոպական Միության անդամ պետությունները համաձայնվել են նաև ավելացնել եվրոյի գոտու ֆինանսական օգնության հիմնադրամի չափը՝ հասցնելով հիմնադրամի պաշարները 1,4 տրիլիոն դոլարի:

Եվրոպական շուկաները դրական են արձագանքել այս լուրերին. ծրագիրը ներկայացնելուց հետո եվրոյի փոխարժեքը բարձրացել է, իսկ Լոնդոնի, Փարիզի և Ֆրանկֆուրտի շուկաներում աշխուժացել է առևտուրը:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուանը հայտնել է, որ ԵՄ-ի անդամ պետությունների ղեկավարների կողմից ընդունված ծրագիրն ըստ էության փրկել է Եվրոպայի միասնական արժույթը: Բարուանի համաձայն, ծրագիրը «կայունացնելու է եվրոյի գոտին և համաշխարհային տնտեսության աճը»:

Բրյուսելում հինգշաբթի օրն ընդունված ծրագիրը ողջունել է նաև Համաշխարհային բանի նախագահ Ռոբերտ Զելիքը, ինչպես նաև Չինաստանի և Ճապոնիայի պաշտոնատար անձինք:

XS
SM
MD
LG