Մատչելի հղումներ

Հունաստանի վարչապետը համաձայնվել է հրաժարական ներկայացնել


Հունաստանի վարչապետը համաձայնվել է հրաժարական ներկայացնել
Հունաստանի վարչապետը համաձայնվել է հրաժարական ներկայացնել

Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն համաձայնվել է հրաժարական ներկայացնել՝ ստեղծելու համար կարճաժամկետ կոալիցիոն կառավարություն, որը նպատակ է հետապնդելու համաձայնության հասնել Եվրոպական Միության կողմից տրամադրվող ֆինանսական օգնության նոր գործարքի շուրջ:

Կոալիցիոն կառավարությունը կգործի մինչև նոր ընտրություններ, որոնք կարող են անցկացվել հաջորդ տարվա մարտ ամսին:

Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող Պապանդրեուն կիրակի օրը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Անտոնիս Սամարասի հետ: Բոլոր կողմերը համաձայնվել են կրկին հանդիպում անցկացնել երկուշաբթի օրը՝ որոշելու համար, թե ով է գլխավորելու կոալիցիոն նոր կառավարությունը, քանի որ, ձեռք բերված համաձայնության պայմաններով, Գեորգիոս Պապանդրեուն չի գլխավորելու այն:

Դեռևս պարզ չէ նաև, արդյոք Պապանդրեուն նախատեսում է մասնակցել հաջորդ տարի կայանալիք ընտրություններին:

Հիշեցնենք, որ Հունաստանում քաղաքական ճգնաժամը հրահրվել է Գերոգիոս Պապանդրեուի կողմից անցյալ շաբաթ արված անսպասելի հայտարարությամբ, որի համաձայն ինքը ցանկացել է հանրաքվեի դնել Եվրամիության և Հունաստանի միջև ֆինանսական օգնության համաձայնության պայմանները:

Այս հայտարարությունը ցնցում էր առաջացրել ինչպես Հունաստանում, այնպես էլ Եվրամիությունում: Պապանդրեուն հրաժարվել է ֆինանսական օժանդակության գործարքի հարցով հանրաքվե անցկացնելու մտադրությունից Եվրամիության, ինչպես նաև Հունաստանի կառավարության և խորհրդարանի կողմից գործադրված ճնշման ազդեցության տակ:

Եվրոպական պետությունների ղեկավարները կոչ են արել Հունաստանին հավանության արժանացնել ֆինանսական օգնության նոր ծրագիրը և ի կատար ածել Եվրոպական Միության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից անցյալ տարի մշակված ֆինանսական օժանդակության ներկայիս ծրագրի պայմանները: Եվրամիության որոշ պետությունների ղեկավարներ զգուշացրել են, որ այս միջոցառումների իրականացման մեջ թերանալու դեպքում Հունաստանն այլևս չի ստանալու ֆինանսական որևէ օգնություն:

Հունաստանի ֆինանսների նախարար Եվանգելոս Վենիզելոսի համաձայն, երկրին, անվճարունակությունից խուսափելու նպատակով, մինչև դեկտեմբեր ամիսն անհրաժեշտ է ստանալ ֆինանսական օգնության փաթեթի մաս կազմող 11 միլիարդ դոլար ծավալով հերթական փոխանցումը:

XS
SM
MD
LG