Հունաստանի անցումային կառավարության նորանշանակ վարչապետ Լուկաս Պապադեմոսն ասել է, թե հեշտ չի լինելու լուծել այն խնդիրները, որոնք ծառացել են Հունաստանի տնտեսության առջև:
Հունաստանի քաղաքական առաջնորդների գումարած նիստի ժամանակ հինգշաբթի օրը երկրի անցումային կառավարության նոր վարչապետ է նշանակվել Եվրոպական կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Պապադեմոսը:
Հրաժարական ներկայացրած Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն նորանշանակ վարչապետին է փոխանցել երկրում ժողովրդականություն չվայելող ֆինանսական խիստ խնայողության միջոցառումների իրականացման գործը:
Հունաստանի նորանշանակ վարչապետ Պապադեմոսը, որի երդման արարողությունը կկայանա վաղը, հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, թե «ճանապարհը հեշտ չի լինելու»: Պապադեմոսը սակայն հավելել է, թե որպես ազգային արժույթ երկիրը շարունակելու է օգտագործել եվրոն, որը «դրամական կայունություն երաշխիք է հանդիսանում», իսկ Հունաստանի ժողովուրդը, միասնականությունը պահպանելու դեպքում, «պետք է լավատեսությամբ ակնկալի վերջնական արդյունքների»:
ԱՄՆ-ում կրթություն ստացած տնտեսագետ Պապադեմոսը երբևէ ընտրովի պաշտոն չի զբաղեցրել և շատերի կողմից համարվում է որևէ կուսակցության չպատկանող գործիչ: Վերլուծաբանների համաձայն, նա լայն կապեր ունի եվրոպական պետություններում:
Այս ընթացքում Եվրոպական Միությունը կրկին մտահոգություններ է բարձրաձայնել մայրցամաքի տնտեսության վիճակի վերաբերյալ: Եվրամիության տնտեսության և ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենն ասել է, որ Եվրոպայում տնտեսական աճը դադարել է` առաջացնելով տնտեսական նոր անկման վտանգ: