Մատչելի հղումներ

ԱՄՀ-ի տնօրենը շեշտել է ասիական պետությունների կարևոր դերը ճգնաժամը հաղթահարելու գործում


Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդ (արխիվային լուսանկար)
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդ (արխիվային լուսանկար)

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը շեշտել է ասիական պետությունների կարևոր դերը համաշխարհային տնտեսական ճգնաժամից վերականգնվելու գործում և տարածաշրջանի պետություններին համաշխարհային տնտեսության հերթական անկման հնարավորության պատճառով աչալուրջ մնալու կոչ է արել:

ԱՄՀ-ի տնօրեն Քրիստին Լագարդը, չորեքշաբթի օրը հանդես գալով Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող Միջազգային ֆինանսական համաժողովում, նշել է, որ ասիական պետությունների տնտեսական աճը «նորագույն պատմության մեջ տնտեսական հաջողությունը բնորոշող երևույթ է»:

Լագարդը, մասնավորապես, գովասանքի խոսքեր է ուղղել տնտեսական զգալի աճ գրանցած Չինաստանին, որտեղ, ըստ ԱՄՀ-ի տնօրենի, վերջին երեք տասնամյակի ընթացքում աղքատությունից ազատել է 500 միլիոն մարդ:

Լագարդը չորեքշաբթի օրը կայացած իր ելույթը ընթացքում ողջունել է նաև Չինաստանի դրամական խիստ քաղաքականության արդյունքները, որոնց շնորհիվ այս երկրում հուլիս ամսվանից հաջողվել է գրեթե մեկ կետով` մինչև 5,5 տոկոս նվազեցնել գնաճը:

ԱՄՀ-ի տնօրենը սակայն նշել է, որ եվրոպական պետություններում թափ առնող պարտքային ճգնաժամն անկմամբ է վտանգում համաշխարհային տնտեսությանը, և հնարավոր է, որ Չինաստանի նման պետությունները պետք է առավել ճկուն քաղաքականություն որդեգրեն:

Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարարի համաձայն, համաշխարհային տնտեսությանը սպառնում է անորոշություն և ֆինանսական անկայունություն առաջացնող «դեպի վար միտված պարուրաձև ընթացք» այն դեպքում, եթե աշխարհի պետությունները չլուծեն Եվրոպայի պարտքային ճգնաժամի նման խնդիրներ:

Լագարդը նաև կոչ է արել Չինաստանին անցում կատարել արտահանման շնորհիվ զարգացող տնտեսությունից դեպի ներքին սպառման վրա հիմնված տնտեսություն:

XS
SM
MD
LG