Մատչելի հղումներ

Ճապոնիան 60 միլիարդ դոլար կտրամադրի ԱՄՀ-ին


Ճապոնիայի իշխանությունները 60 միլիարդ դոլարի վարկ կտրամադրեն Արժույթի միջազգային հիմնադրամին՝ Եվրոպայում պարտքային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված վերջինիս պայքարին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ֆինանսների նախարար Ջուն Ազումին այս մասին հայտնել է երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Դիմելով նման քայլի՝ Ճապոնիան կդառնա Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող առաջին երկիրը, որը ֆինանսական լրացուցիչ գումարներ կտրամադրի ԱՄՀ-ին: Եվրոպական պետություններն իրենց հերթին խոստացել են տրամադրել 200 միլիարդ դոլար կազմող գումար:

ԱՄՀ-ի տնօրեն Քրիստին Լագարդը ողջունել է Ճապոնիայի կառավարության որոշումը՝ անվանելով այն «Հիմնադրամի կողմից ճգնաժամերի կանխարգելման ու դրանց դեմ պայքարի և աշխարհում տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ վարվող աշխատանքին մեծ օգնություն տրամադրող կարևոր առաջին քայլ»:

Վաշինգտոնից իր գործունեությունն իրականացնող ԱՄՀ-ը հունվար մասին հայտնել էր, թե Հունաստանում, Պորտուգալիայում և Իռլանդիայում ծավալված պարտքային ճգնաժամի տարածումից պաշտպանելու նպատակով Եվրոպայի այլ պետություններին աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ նոր ռեսուրսների ծավալը կազմում է 600 միլիարդ դոլար:

Լագարդն անցյալ շաբաթ սակայն հայտնել է, թե իրականում անհրաժեշտ միջոցների ծավալն այժմ զգալիորեն պակաս է նախկին գնահատականներից:

XS
SM
MD
LG