Մատչելի հղումներ

Երևանն ու Բաքուն Նյու Յորքում համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Ի տարբերություն նախորդ եռակողմ հանդիպումների, այս անգամ հանդիպման մեկնարկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես չի եկել հրապարակային բացման խոսքով:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ հանդիպման արդյունքում «կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ։»

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ «կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։»

Ի՞նչ արդյունքներ են գրանցվել Նյու Յորքում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպմանը
please wait

No media source currently available

0:00 0:02:26 0:00

Հանդիպման վերաբերյալ նույնանման հաղորդագրություն է տարածել նաև ադրբեջանական կողմը: Հանդիպման շուրջ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը տարածեց ամերիկյան կողմի հաղորդագրությունը հանդիպման վերաբերյալ, ուր, մասնավորապես, ասված է.

«Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի համաժողովի ընթացքում պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պետքարտուղար Բլինքենն իր գոհունակություն է հայտնել երկու արտգործնախարարներին այն առաջընթացի կապակցությամբ, որ Հայաստանը և Ադրբեջանը արձանագրել են կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ և հորդորել շարունակել առաջընթացի գրանցումը երկու երկրների կողմից՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի ավելի մեծ կայունություն և բարգավաճում»,- ասված է Մեթյու Միլերի տարածած հաղորդագրության տեքստում:

Հիշեցնենք, որ ամերիկյան նախաձեռնությամբ և ամերիկյան հարթակում վերջին հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև ԱՄՆ-ի պետքարտուղարի մասնակցությմամբ տեղի էր ունեցել այս տարվա հուլիսին Վաշինգտոնում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում: Այդ ժամանակ «կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները»:

XS
SM
MD
LG