Սեպտեմբերի 1-ի առթիվ Ռուսաստանում աշակերտներին և ծնողներին որոշեցին «շնորհավորել» «Վագներ» խմբավորման տարբերանշանով օրագրեր թողարկելով։ Օրագրի գինը սկսվում է 361 ռուբլուց (մոտ 4 դոլար), այն վաճառվում է Wildberries և Ozon առցանց հարթակներում և ունի որոշակի պահանջարկ։
Ռուսաստանյան կրթական ոլորտում «նորամուծությունները» անդրադարձել են նաև կրթական ծրագրերին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական դպրոցներում վերականգնվել են աշխատանքի դասերը։ Օրինակ՝ այդ դասերին երեխաներին կսովորեցնեն աշխատել անօդաչուների հետ։ «Անվտանգության հիմունքներ» առաևկան փոխարինվել է «Հայրենիքի անվտանգության և պաշտպանության հիմունքներ» առարկայով։ Ներդրվել է «Ընտանեկան գիտություն» առարկան, որի նպատակն է «ամրապնդել ավանդական հոգևոր-բարոյական արժեքները»։ Այս առարկայի օգտին կրճատվել են այլ առարկաների դասաժամերը։ Հաջորդ տարի Ռուսաստանի կրթության նախարարությունը նախատեսում է կրճատել հասարակագիտության դասավանդումը։ Պատմության դասավանդման ընթացքում առաջարկվում է ավելի մեծ ուշադրություն դարձնել այսօրվա շրջանին։
Ռուսաստանյան դպրոցներում արդեն տևական ժամանակ նաև անցկացվում են, այսպես կոչված, «խիզախության դասեր», որոնց ընթացքում որպես ուսուցիչներ են հանդես գալիս գործող զինվորականներն ու «Վագներ» խմբավորման անդամները։ Դասարաններում տեղադրվում են «հերոսների նստարաններ», իսկ Ուկրաինայի պատերազմում զոհված շրջանավարտների անունները «հավերժացվում» են հուշատախտակներով։
Ուսուցիչներին ստիպում են վարել «խոսակցություններ կարևորի մասին»։ Համաձայն մեթոդական ցուցումների՝ այդ դասերի ընթացքում պետք է միավորել «հայրենիք» և «պետություն» հասկացությունները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ կրթության ռազմականացման ֆոնին և Ուկրաինայում պատերազմի բռնկումից ի վեր ռուսաստանցի ուսուցիչների դեմ հարուցվել է 106 վարչական և 23 քրեական գործ՝ հիմնականում «հատուկ ռազմական գործողության» վերաբերյալ պաշտոնականից շեղվող՝ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում իրավապաշտպան, Սախարովի կենտրոնի տնօրեն Սերգեյ Լուկաշևսկին կարծիք հայտնեց, թե ուկրաինական պատերազմից առաջ Կրեմլը նկատել էր, որ ազդեցություն չունի ռուսական երիտասարդության վրա։
«Նրանք հանկարծ գիտակցեցին, որ նոր սերունդը ապրում է լրիվ այլ, ժամանակակից աշխարհում, օգտվում է սոցիալական ցանցերից և ինտերնետային շփման հնարավորություններից: Պարզվեց՝ Պուտինի սերնդի հետ, որը, ինչպես հայտնի է, բավականին թույլ պատկերացում ունի ինտերնետի և ժամանակակից շփման մշակույթի մասին, այսօրվա երիտասարդությունը ոչ մի ընդհանրություն չունի։ Ինչու՞ էր այս բացահայտումը տհաճ իշխանությունների համար։ Առաջին հերթին՝ քաղաքական կայունության հարց է առաջանում։ Կրեմլը վախեցավ, թե որքան են երիտասարդներ աջակցում Ալեքսեյ Նավալնուն ու մասնակցում նրա կազմակերպած ակցիաներին։ Եվ դա վերաբերում էր ոչ միայն ուսանողներին, այլև ավագ դպրոցականներին»,- ասում է Լուկաշևսկին։
Ըստ Սերգեյ Լուկաշևսկու՝ հարց առաջացավ, թե ինչպես կարող է Կրեմլը փոխել իրավիճակը․ «Սովորական քարոզչությունը, որը բավականին արդյունավետ է տարեցների և միջին տարիքի մարդկանց պարագայում, այստեղ չէր գործում։ Այլ բան անել Կրեմլը սովոր չէ և չի կարողացել։ Ուստի, որոշվեց գործել կրթական համակարգի միջոցով։ Արդյունքում, դպրոցում գաղափարական ծրագրերի քանակն արագորեն աճեց, հատկապես՝ պատերազմի բռնկումից հետո»։
Մեր զրուցակցի կարծիքով՝ երիտասարդ սերնդից բխող հնարավոր վտանգը չեզոքացնելուց զատ, Կրեմլն փորձում է ևս մեկ խնդիր լուծել. «Նրանց պետք են մարդիկ, որոնք պատրաստ կլինեն զոհվել ռեժիմի հրահրած պատերազմներում։ Եթե նայենք դպրոցներում գաղափարական ծրագրերի կառուցվածքին, ապա կարևոր կետն այն է, որ երեխաները պետք է պատրաստ լինեն մահանալ իրենց երկրի համար»։
Սերգեյ Լուկաշևսկին հարց է բարձրացնում՝ արդյո՞ք համացանցի առկայության և զանգվածային մշակույթի տարածվածության պայմաններում ռուսաստանյան դպրոցական համակարգում ծրագրային փոփոխությունները կարող են արդյունավետ լինել Կրեմլի համար. «Նույնիսկ ուսուցիչներն խանդավառված չեն վերևից եկող հրահանգներից և հաճախ դրանց մոտենում են ֆորմալ կերպով: Այնուամենայնիվ, իրավիճակը չափազանց վտանգավոր է: Որովհետև հենց դպրոցում է մարդը սովորում, թե ինչը սոցիալապես ընդունելի է, ինչպես պետք է հանդես գալ պաշտոնական միջավայրում: Եվ, անկասկած, Ռուսաստանի երիտասարդների այս սերունդը սովորելու է նոր հասարակական կանոնները: Նույնիսկ եթե նրանք զուգահեռ դիտեն ժամանակակից կինո կամ համացանցում կարդան ժամանակակից գրականություն, միևնույն է, նրանց մոտ գործելու է այդ ներքին կարգը»:
Սախարովի կենտրոնի տնօրենի եզրափակմամբ՝ այդ ամենի հետևանքը կլինի այն, որ պատանիներն ու երիտասարդները «պարզապես կյանք կմտնեն աղավաղված վիճակում»։
Մի ժամանակ դպրոցում դասավանդող, այժմ՝ քաղաքական վերլուծաբան Նատալյա Շավշուկովայի ներկայացմամբ՝ ԽՍՀՄ փլուզումից ավելի քան երեսուն տարի անց էլ, ցավոք, ռուսաստանյան կրթական համակարգը չպոկվեց խորհրդայինից, բացի այդ մանկավարժական շերտի սերնդափոխության նշանակությունը Ռուսաստանում գերագնահատվել է, թե իբր նոր մարդիկ իրենց հետ նոր գաղափարներ ու մոտեցումներ կբերեն դպրոց։
«Որովհետև, ըստ էության, նրանք, ովքեր ընդունվում էին մանկավարժական ինստիտուտներ, պարզապես շարունակում էին ընդունել խորհրդային կրթական համակարգի բոլոր ավանդույթները՝ դիտարկելով աշակերտներին որպես պետության և քարոզչական ազդեցության օբյեկտ»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Շավշուկովան։
Նրա խոսքով՝ առաջադեմ ուսուցիչներն ու դպրոցները հետխորհրդային Ռուսաստանում բացառություն էին. «Ցավոք, ռուսական կրթական համակարգը, ինչպես եղել է, այնպես էլ մնացել է քարոզչության գործիք: Ուստի, Կրեմլի այս քայլերը արվում են պարարտ հողի վրա։ Դեմոկրատական գործընթացները, որոնք տեղի էին ունենում դպրոցներում նախորդ 30 տարիների ընթացքում, շատ արագ դադարեցվեցին, և ամեն ինչ վերադարձավ նախկին վիճակին»։
«Կարելի է, իհարկե, ծաղրել այն փաստը, որ «հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին հրավիրում են դպրոցներ որպես դաստիարակների, բայց սա ևս վերցված է խորհրդային անցյալից։ Մեզ մոտ Նախաբինոյում 1990-ականներին դպրոցներ էին հրավիրում Աֆղանստանում պատերազմած խորհրդային զինվորականներին։ Հիշում եմ՝ մի անգամ մեկին խնդրեցին պատմել իր բանակային կյանքից որևէ հետաքրքիր դեպք։ Պատմեց, թե ինչպես էին բռնել մի մեծ սարդ և եփել թեյնիկում։ Կարծում եմ, հիմա ամեն ինչ նույն մակարդակի վրա է կամ ավելի վատ»,- ասում է Շավշուկովան։
Քաղաքական վերլուծաբանը եզրափակեց՝ ցավոք, Ռուսաստանը վաղուց արդեն համապատասխանում է Ումբերտո Էկոյի նկարագրած ֆաշիզմի չափանիշներին, և կրթության միլիտարիզացիան պարզապես վերահաստատում է այդ փաստը: