Մեծ Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր կառավարության որոշումը՝ դադարեցնել զենքի որոշ տեսակների առաքումն Իսրայել՝ պնդելով, որ նման քայլն անհրաժեշտ է միջազգային իրավունքին համապատասխան գործելու համար: Երուսաղեմը հայտարարել է, որ այդ քայլը բխում է միայն «Համասի» շահերից: Դիտորդների խոսքով՝ որոշումը գլխավորապես խորհրդանշական է, բայց կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ։
Երկուշաբթի Մեծ Բրիտանիան կասեցրեց Իսրայել զենքի արտահանման գործող 350 արտոնագրերից մոտ 30-ը, այն բանից հետո, երբ դրանց իրավական ուսումնասիրության արդյունքում եզրակացվեց, որ ակնհայտ ռիսկ կա, թե այդ սպառազինության կիրառումը Գազայում կարող է խախտել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը:
Վարչապետ Քեյր Սթարմերը չորեքշաբթի հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:
«Բայց արտոնագրերի հետ կապված․․․, սա Իսրայելի խնդիրը չէ: Բոլոր արտոնագրերը պետք է վերանայվեն: Կա՛մ ենթարկվում ենք միջազգային իրավունքին, կա՛մ չենք հետևում դրան: Մեր ուժը միջազգային իրավունքին համապատասխան լինելու մեջ է»,- նշել է Միացյալ Թագավարության վարչապետը։
Արտահանման արգելքը վերաբերում է այնպիսի բաղադրիչների, որոնք օգտագործվում են ուղղաթիռների, կործանիչների և անօդաչուների արտադրության մեջ:
Լոնդոնի որոշումը էական ազդեցություն չի ունենա Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների վրա՝ ասում է վերլուծաբան Յոսի Մեկելբերգը։
«Իսրայելի զենքի և զինամթերքի մեծ մասը գալիս է Միացյալ Նահանգներից և Գերմանիայից, ինչը կազմում է Իսրայելին մատակարարվող սպառազինության գրեթե 99%-ը»,- մանրամասնում է Մեկելբերգը։
Ավելի կարևոր է Մեծ Բրիտանիայի քայլի քաղաքական կողմը՝ նշում է վերլուծաբանը:
«Կասեցումը հստակ ուղերձ է, որ կարող եք լինել Իսրայելի բարեկամը, կարող եք աջակցել Իսրայելին, բայց միևնույն ժամանակ համաձայն չլինեք, թե ինչպես է Իսրայելը վարում պատերազմը և ինչպես է կիրառում զենքը»,- ասում է Մեկելբերգը:
Այս քայլը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ՝ կարծիք է հայտնում մեկ այլ վերլուծաբան Անդրեաս Քրիեգը:
«Առաջին անգամն է, որ Իսրայելի շատ մտերիմ գործընկերը և դաշնակիցը չի վստահում Իսրայելի կառավարությանը, երբ նրանք ասում են, որ իրենք հետևում են զինված հակամարտությունների օրենքներին: Եվրոպական այլ երկրները նույնպես այժմ կարող են վերանայել զենքի արտահանման իրենց արտոնագրերը»,- նշում է Քրիեգը:
Իսրայելը հերքում է Գազայի հակամարտության ժամանակ միջազգային իրավունքը խախտելու մասին իր հասցեին հնչող մեղադրանքերը՝ ընդծելով, թե իր զինված ուժերի թիրախում միայն «Համասի» զինյալներն են, որոնց մեղադրում է դպրոցներում և հիվանդանոցներում թաքնվելու և քաղաքացիական անձանց որպես կենդանի վահան օգտագործելու մեջ:
Քննադատները, սակայն, մեղադրում են իսրայելական ուժերին:
«Համասի» կողմից ղեկավարվող Գազայի առողջապահական ծառայության համաձայն՝ նախորդ տասնմեկ ամիսների հակամարտության ընթացքում պաղեստինյան տարածքում սպանվել է ավելի քան 40 հազար մարդ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ամոթալի» է որակել զենքի որոշ տեսակների արտահանումն արգելելու Մեծ Բրիտանիայի քայլը։
Քրիեգը հիշեցնում է՝ Նեթանյահուն բախվում է ներքին լուրջ ընդդիմության․ մարդիկ պահանջում են դադարեցնել մարտական գործողությունները Գազայում և վերադարձնել պատանդներին:
«Նեթանյահուի կառավարության դեմ հանդես գալն այժմ ավելի քիչ է դիտվում որպես ողջ Իսրայելի կամ իսրայելական հասարակության դեմ ուղղված քայլ»,- ասում է Քրիեգը:
Միաժամանակ, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելն անցած շաբաթ առաջարկեց պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության երկու նախարարների նկատմամբ՝ Գազայում մարդու իրավունքները խախտելու համար, սակայն չմանրամասնեց, թե ում մասին է խոսքը:
Պատժամիջոցների վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունվի միաձայն՝ Եվրամիության անդամ երկրների կողմից, և, ըստ Բորելի, այս հարցում չկա կոնսենսուս։