Փորձագետները ընդգծում են՝ այս չորեքշաբթի ԱՄՆ Ջորջիա նահանգի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունը ևս մեկ անգամ հիշեցրեց հայտնի փաստը, որ հազար բնակչի հաշվով ԱՄՆ-ում հրազենից ավելի շատ մարդ է զոհվում, քան ցանկացած այլ բարձր եկամուտ ունեցող երկրում: Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը մտադիր է խստացնել զենք ունենալու կանոնները: Նրա մրցակիցը՝ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հակառակ դիրքորոշմանն է՝ խոստանում է չեղարկել զենքին վերաբերող սահմանափակումները։
Չորեքշաբթի ԱՄՆ Ջորջիա նահանգի Վինդեր բնակավայրի ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ: ԱՄՆ փոխնախագահ և երկրի ղեկավարի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն անդրադարձել է արյունալի միջադեպին Նյու Հեմփշիրում քարոզարշավի ժամանակ:
«Պետք է մեկընդմիշտ վերջ տալ մեր երկրում հրազենային բռնության այս համաճարակին: Իրավիճակը կարող է այլ լինել»,- ասել է Հարիսը:
ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ բռնության թեման կարևոր տեղ էր զբաղեցնում այս տարվա Դեմոկրատական կուսակցության համերկրային համագումարում:
Հարցի վերաբերյալ Քամալա Հարիսն արտահայտվել էր իր քարոզարշավի հենց սկզբում:
«Երբ հաղթենք նոյեմբերին, այս հարցում կկիրառենք անձի համընդհանուր ստուգման համակարգը, զգուշացումների մասին օրենքները և հարձակողական զենքի նկատմամբ արգելքը»,- ասել էր Հարիսը:
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ ինքը ձգտում է զենք կրելու հարցում կյանքի կոչել անվտանգության ապահովման ողջամիտ քայլեր և «չի փորձում խլել բոլորի զենքերը»:
Հրազենի կիրառմամբ բռնությունները կանխելու ուղղությամբ գործող կենտրոնի ղեկավար Քրիս Բրաունը վստահ է, որ Հարիսը կկատարի իր խոստումները:
«Թեկնածու Հարիսը շատ պարզ ասել է, որ հրազենային բռնությունը՝ ամերիկացի երեխաներին կյանքից զրկող թիվ մեկ միջոցը, խնդիր է, որը լուծելու համար անհրաժեշտ է բազմաստիճան մոտեցում: Մեզ ավելի լավ քաղաքականություն է անհրաժեշտ այս հարցում»,- ասել է Բրաունը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Ջորջիայում տեղի ունեցած հրաձգությանը՝ իրեն պատկանող Truth սոցհարթակում գրառմամբ աջակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին, իսկ հրաձիգին անվանելով «հիվանդ և խելագարված հրեշ»։
Հայտնի է, որ ԱՄՆ պահպանողականները պաշտպանում են զենք ունենալու իրավունքը, սակայն հանրապետականների այս տարվա համընդհանուր համագումարում խնդիրը առաջնային չէր: Հիշեցնենք՝ միջոցառումը հուլիսին էր՝ ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ Թրամփի դեմ մահափորձ իրականացվեց, սակայն նրա ուղղությամբ արձակված գնդակը չփոխեց ԱՄՆ նախկին նախագահի դիրքորոշումը զենք ունենալու իրավունքի հարցում:
«Չի կարելի մարդկանցից վերցնել նրանց զենքերը, որովհետև այն պետք է մարդկանց պաշտպանության համար»,- ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփ խոստացել է վերընտրվելու դեպքում չեղարկել Բայդենի վարչակազմի կողմից ընդունված սահմանափակումները:
Զենքն ազատորեն ունենալու կողմնակիցներն ասում են, որ եթե զենքի սեփականատերերը մասնակցեն քվեարկությանը այս նոյեմբերին, կարող են տատանվող նահանգներում որոշել ընտրությունների արդյունքը:
«Պետք է հետ բերել Սպիտակ տունը, որպեսզի ունենանք իշխանության գործադիր թևում, որը չի խախտում զենք ունենալու իրավունքները: Կոնգրեսում էլ անհրաժեշտ է ամրապնդել ազատ կերպով զենք ունենալու իրավունքի [կողմնակիցների դիրքերը]՝ Ներկայացուցիչների տանը, և վերահսկել Միացյալ Նահանգների Սենատը»,- նշում է Երկրորդ փոփոխության հիմնադրամի ներկայացուցիչ Ալան Գոթլիբը:
Սակայն Գոթլիբը խոստովանում է՝ զենքի հարցը իր կարևորությամբ զիջում է տնտեսական կամ ներգաղթի հարցերին: